Պատերազմը դեռ չի ավարտվել այնքան ժամանակ մինչ ժամանակավոր զինադադար է: Մենք դեռ շատ անելիքներ ունենք: Այսօր լրագրողների հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Անհայտ կորած ազատամարտիկների» ՀԿ նախագահ Ռիմա Առաքելյանը:
«Հաշտության դաշինքը ակնկալում է, որ հակառակորդ երկների միջև ճշտվում են պետական սահմանները: Քանի դեռ դա չկա, պատերազմը շարունակվում է. և՛ բուն ռազմական պատերազմը, և՛ մշակութային պատերազմը: Հարևան երկրում մեծ գումարներ են ներդրվում մեր մշակույթը ոչնչացնելու համար: Մենք պայքարում ենք նաև մշակութային պատերազմում»,- իր հերթին նշեց Արցախյան ազատամարտի մահապարտների ջոկատի մարտիկ, «Կարին» ազգագրական երգի -պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:
«Գարեգին Նժդեհն ասում էր, որ, եթե ցույց տանք հակառակորդին, որ մենք իրենից ուժեղ ենք, նրանք մեկընդմիշտ կմոռանան մեզ վրա հարձակվելու մասին: Պետք է հասկանալ, որ այսօրվա Հայաստանը ռազմավարական առումով անխոցելի վայր չէ և պետք է մեծ աշխատանքներ տարվեն այդ ուղղությամբ», -նշեց Գագիկ Գինոսյանը:
«Ես անհայտ կորածի մայր եմ: Հաղթանակի համար մենք շատ թանկ վճարեցինք: Նրանք, ովքեր որպես կամավոր գնացին, ջոկատ կազմեցին` շատերը զոհվեցին, շատերը վերադարձան, բոլորն էլ մարտիրոսներ են: Ամեն օր, ամեն ժամ պետք է հիշեցնենք այդ մասին, որովհետև մենք այնպիսի հակառակորդ ունենք, որ միշտ պետք է մեկ ոտքի վրա կանգնած լինենք, մեկ աչքն էլ` բաց»,- ասաց Ռիմա Առաքելյանը: