Անդրիաս Ղուկասյանը հորդորում է չհիասթափվել միջազգային դիտորդների գնահատականներից

Անդրիաս Ղուկասյանը հորդորում է չհիասթափվել միջազգային դիտորդների գնահատականներից

PanARMENIAN.Net - Անդրիաս Ղուկասյանը կոչ է անում չհիասթափվել միջազգային դիտորդների գնահատականներից և շարունակել պայքարը: Նրա հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ամբողջությամբ համակարծիք եմ քաղաքացիական հասարակության այն անդամների հետ, ովքեր համաձայն չեն միջազգային դիտորդների կողմից փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին տրված գնահատականին: Հիացած եմ փետրվարի 19-ին «Մարիոթ» հյուրանոցում երիտասարդ քաղաքացիների համարձակ գործողություններով:

Բոլորս էլ հասկանում ենք, որ ընտրությունները Հայաստանում չեն կարող բնութագրվել մարդու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսևորմամբ, որովհետև շարունակաբար ուղղորդվում են զանգվածային ընտրակաշառքի բաժանմամբ և քաղաքացիների նկատմամբ ճնշումների գործադրմամբ»:

Ընտրությունների միջազգային դիտարկումները չեն ենթադրում առաքելության անդամների համար քաղաքական, իրավական կամ բարոյական պատասխանատվություն և երաշխավորված չեն կոռուպցիոն ռիսկերից: Ուստի, կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր պայքարում են մեր երկրում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար, չհիասթափվել միջազգային դիտորդների կողմից տրված` իրականությանը չհամապատասխանող գնահատականներից և հավատարիմ մնալ ժողովրդավարական արժեքներին: Ցավով արձանագրում եմ, որ միջազգային դիտորդները, ինչպես և 2008 թվականին, իրենց գնահատականներով ճանապարհ բացեցին քրեաօլիգարխիկ համակարգի համար` ուժ և ճնշումներ կիրառելու հանուն ընտրական իրավունքի պայքարող քաղաքացիների դեմ: Սակայն վստահ եմ, որ դա չի կարող կասեցնել քաղաքացիների պայքարը մեր երկրում իրական ժողովրդավարություն հաստատելու գործում, ասվում է Անդրիաս Ղուկասյանի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---