«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ավելացել են թմրանյութերից կախվածությամբ հիվանդները

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ավելացել են թմրանյութերից կախվածությամբ հիվանդները

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձագիտական աշխատանքային խումբն այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ՄԻՊ աշխատակազմից:Աշխատանքային խմբի անդամները արձանագրել են, որ այցելության պահին 46 ծանր և առանձնապես ծանր հիվանդ է հաշվառված եղել: ՔԿՀ-ում գիշերային հերթափոխը կազմակերպվում է մեկ բժշկի և մեկ բուժակի կողմից, ինչը անհնարին է դարձնում տարբեր մասնաշենքերում գտնվող բաժանմունքներում պատշաճ բուժօգնություն տրամադրել հիվանդներին:

Խնդիր են նաև քրեակատարողական հիմնարկում թափուր հաստիքները, որոնց դիմող անձիք, որոշ ժամանակ աշխատելուց հետո, հրաժարվում են աշխատանքից, քանի որ աշխատավարձը չափազանց ցածր է, իսկ աշխատանքը բավական ծանր ու վտանգավոր: Իսկ հավելավճարով վարձատրվում են միայն բժշկական անձնակազմից վտանգավոր աշխատանք կատարող բուժաշխատողները (ինֆեկցիոն և նարկոլոգիական բաժանմունքների բուժաշխատողները 100 տոկոս դրույքաչափով ավել և տուբերկուլյոզային, հոգեբուժական, ռենտգենոլոգիական բաժանմունքների բուժաշխատողները 50 տոկոս դրույքաչափով): Չնայած վիրաբույժը վերը նշված անձանց բուժմանը չի մասնակցում, այնուամենայնիվ, նրանց վիրահատությունները հենց ինքն է իրականացնում, սակայն այդ արտոնությունից չի օգտվում: Այդ իսկ պատճառով փորձագիտական խմբի կարծիքով ռիսկային խմբի մեջ պետք է ներառվեն նաև վիրաբույժները, ատամնաբուժական ծառայության, ինչպես նաև ծառայողական ոչ բժշկական անձնակազմը (հսկիչը և այլն):

Ըստ վիճակագրական տվյալների` հիվանդանոցում անցած տարիների համեմատությամբ ավելացել է թմրանյութերից կախվածությամբ հիվանդների թիվը: Ավելացել են նաև ՁԻԱՀ-ով հիվանդների թիվը, որը ներկա պահին 21 է, տուբերկուլյոզով հիվանդների թիվը` 38:

Շենքը չունի կենտրոնացված ջեռուցում, հիվանդասենյակները ջեռուցվում են էլեկտրական սալիկներով, որոնք շատ տարբեր են, կախված կարգավիճակից:

Աշխատանքային խմբի հետ առանձնազրույցի ընթացքում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի որոշ դատապարտյալները գանգատվել են խցերի պայմաններից` նշելով, որ իրենց հիվանդասենյակում միջատներ են վխտում և իրեն թույլ չեն տալիս, որևէ դեղ բերել, քանի որ իր սենյակակիցը ինքնասպանության փորձ է արել, խմելով այդ դեղերից, սակայն վարչակազմն էլ որևէ միջատասպան գործողություն չի նախաձեռնում:

ՔԿՀ-ում չկա գործող գրադարան, իսկ նախկինը գտնվում էր վիրաբուժական մասնաշենքի նկուղում, որտեղ մտնելն անհնարին է:

Խնդիր էր նաև խոհանոցի հարցը, որը գտնվում էր շենքից դուրս` մեկ այլ մասնաշենքում և ձմռան ամիսների կամ վատ եղանակին դատապարտյալները` անկախ հիվանդության տեսակից, պետք է սնունդը տաքացնելու համար հասնեն խոհանոց: Դեպքեր են եղել, երբ ձմռանը դատապարտյալը սայթաքել և կոտրվածքներ է ստացել:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---