20 փետրվարի 2013 - 19:55 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ազատության հրապարակում ելույթները դադարել են. Րաֆֆի Հովհաննիսյանը բարի գիշեր մաղթեց հավաքվածներին

Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքին ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը. «Ես որպես շարքային (ես ծառայել եմ բանակում)՝ այսօր խնդրում և պահանջում եմ մեր բոլոր ուժային կառույցների ներկայացուցիչներին, հիշեք, որ հրամանները պիտի բխեն մեկ սկզբունքից՝ դա ժողովրդին ծառայելն է, դա պետությանը ծառայելն է»,- ասաց նա: Մարտիրոսյանը նշեց, որ հայ ժողովուրդը հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք քվեարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին:

«Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ շարքում կանգնող չէ, ետ նայող չէ, նա ունի իր աջակիցները: Եվ հաղթանակի պտուղները բոլորինս են դարձնելու», - նշեց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանրահավաքին՝ Ազատության հրապարակում էր Վահագն Խաչատրյանը: Իր ելույթում նա նշեց, որ այսօր մենք խոսում ենք բացառիկ հաջողության մասին, որ բերեց Րաֆֆի Հովհաննիսյանն իր թիմով: Հովհաննիսյանն այսօր ժողովրդի ներքին խռովքի դրսևորումն է, և այդ ծառացումը պիտի բերի նոր հաղթանակի:

«Շնորհավորում եմ բոլորիս», - իր ելույթն Ազատության հրապարակում այսպես սկսեց Զարուհի Փոստանջյանը: «Որտե՞ղ էր երեկ Սերժ Սարգսյանը շնորհավորում ու շնորհավորանքներ ստանում. Բաղրամյան 26-ում»: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի համար երեկվանից նախագահական նստավայրը ոչ թե հանդիսավայր է, այլ՝ բանտախուց:

«Սերժ Սարգսյան, դուք մարդկային կերպարի մեջ մարմնավորել եք չարություն: Դուք մեզ ստիպում եք գնալ չարի դեմ՝ հանուն մեր երկրի, մեր երեխաների ապագայի: Եվ մենք գնալու ենք, և հաղթելու ենք»,- ասաց Փոստանջյանը:

Ավելացնենք, որ Ազատության հրապարակում ելույթները դադարել են: Րաֆֆի Հովհաննիսյանը բարի գիշեր մաղթեց հավաքվածներին: Նա գիշերը մնալու է Ազատության հրապարակում: Կմնան նաև նրանք, ովքեր ցանկանում են: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Անահիտ Բախշյանն էլ հավելեց, որ Հովհաննիսյանը հոգնած է, իրեն թույլ է զգում, իրենք ու ընտանիքի անդամները փորձում են համոզել, որ տուն գնա:

Բայց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մեզ վստահեցրեց, որ կամավորները մնալու են, եթե նույնիսկ Ր. Հովհաննիսյանի ընտանիքի անդամաները կարողանան նրան համոզել տուն գնալ: Ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց, որ այս գիշեր հաստատ մնալու է Ազատության հրապարակում: Հավաքվածների մեծ մասը հեռանում են: Նրանք հրապարակ կվերադառնան վաղը՝ ժամը 13:00-ին: Մեկ ժամ անց նախատեսված է ՀՀԿ-ի հավաքը հրապարակում: Ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, իրենք կգան և կկազմակերպեն իշխանության փոխանցումը ժողովրդին:

ՖՈՏՈՇԱՐՔ