20 փետրվարի 2013 - 22:01 AMT
Ոստիկանապետը հրահանգել է անհանդուրժող լինել իրենց օրենքից վեր դասողների հանդեպ

Այսօր ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանապետն անդրադարձել է ՀՀ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու ուղղությամբ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքին, ապա խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել հետընտրական շրջանում հասարակական կարգի պահպանման առանձնահատկություններին և պահանջել է բոլոր իրավիճակներում առաջնորդվել օրենքի գերակայության սկզբունքով: Ոստիկանության պետը, միևնույն ժամանակ, ընդգծել է քարոզարշավի ընթացքում և ընտրությունների օրը արձանագրված իրավախախտումների արագ ու լիարժեք քննության անհրաժեշտությունը:

Վլադիմիր Գասպարյանը կարգադրել է ամեն օր հաշվետվություն ներկայացնել ընտրախախտումների քննության ընթացքի վերաբերյալ և արդյունքների մասին պարբերաբար իրազեկել հասարակությանը:

Ոստիկանության պետը, անդրադառնալով արտաքին ծառայության խնդիրներին, կրկին ընդգծել է այդ ոլորտում իրականացվող աշխատանքի գլխավոր սկզբունքները: Վլադիմի Գասպարյանը ստորաբաժանումների ղեկավարներից պահանջել է ուսումնասիրել ընտրատեղամասերում կատարված տեսագրությունները և ըստ արդյունքների կարգապահական տույժի ենթարկել իրենց ծառայությունը ոչ պատշաճ կատարած ոստիկաններին, իսկ հանցակազմի առկայության դեպքում դնել նաև քրեական պատասխանատվության հարցը: Այս համատեքստում անհրաժեշտ է ուսումնասիրել նաև զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած բոլոր հաղորդումներն ու ահազանգերը, կատարել պատշաճ քննություն և հասարակությանը ներկայացնել օրինախախտ ոստիկաններին:

Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է օրինահարգություն պահանջել նաև հանրային հավաքների մասնակիցներից՝ կազմակերպիչներին բացատրելով օրինականության պահպանման անհրաժեշտությունը: Դրան ոստիկանությունը կարող է հասնել բացառապես վերքաղաքական, վերկուսակցական, վերանձնային սկզբունքայնությամբ և հանրության հավանությանն արժանացած գործելակերպով: Ոստիկանության ծառայողներից օրինապահություն ու հանդուրժողականություն պահանջելով հասարակության հանդեպ՝ Վլադիմիր Գասպարյանը հրահանգել է միևնույն ժամանակ անհանդուրժող լինել իրենց օրենքից և օրինականությունից վեր դասողների, ոստիկանի նկատմամբ ոտնձգություն կատարողների, համակեցության կանոնները ոտնահարողների դեմ:

Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ չնայած ծանրաբեռնվածությանը՝ ոստիկանության ստորաբաժանումները պարտավոր են լիարժեք իրականացնել իրենց գլխավոր գործառույթը՝ պայքար հանցավորության դեմ, հանցագործությունների կանխարգելում և բացահայտում, հասարակական կարգի պահպանում: