21 սեպտեմբերի 2005 - 08:26 AMT
ԱՀ-ՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ԿԱՐԱԳԱՆԱ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ԲԱՔՎՈՒՄ
Խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Ադրբեջանի բոլոր քաղաքական ուժերը հիմնականում ուշադրությունը կենտրոնացրել են քարոզարշավի վրա, եւ ղարաբաղյան խնդիրը որոշ չափով ետին պլան է մղվել, հաղորդում է Բաքվի «525» թերթը: Ոմանք հայտարարում են, որ դա ժամանակավոր է, եւ ընտրություններից հետո ղարաբաղյան թեման կրկին նախկին տեղը կզբաղեցնի օրակարգում: Նրանց կարծիքով, ղարաբաղյան խնդրի լուծումը որոշ չափով կախված է խորհրդարանական ընտրություններից` ժողովրդավարական ընտրությունները կարող են արագացնել խնդրի կարգավորումը: Այդպես, ըստ Ղարաբաղի ազատագրման կազմակերպության նախագահ Ակիֆ Նաղիի, բոլոր թեկնածուների ընտրական ծրագրում, անկախ քաղաքական պատկանելությունից, ղարաբաղյան խնդիրը պետք է կարեւոր դեր զբաղեցնի, բոլոր թեկնածուները պետք է հիշեն, որ Ադրբեջանի Միլի մեջլիս ընտրվելու դեպքում նրանց առաջին գործը պետք է լինի ղարաբաղյան խնդրի լուծումը: Նրանք պետք է մշտապես զգան իրենց բարոյական պատասխանատվությունը այդ առումով: Ա.Նաղիի կարծիքով, խորհրդարանական ընտրությունների ժողովրդավարական անցկացումը շատ կարեւոր է ղարաբաղյան խնդրի կարգավորման համար, քանի որ ժողովրդավարական ճանապարհով ձեւավորված խորհրդարանն է, որ արտահայտում է ժողովրդի կամքը: «Այսօր ադրբեջանական ժողովրդի կամքը կապված է Ղարաբաղի ազատագրման եւ բռնի տեղահանվածների վերադարձի հետ: Հակառակ դեպքում մենք շատ բան կկորցնենք: Ոչ ժողովրդավարական ըտրությունները մեզ 5 տարով հետ կմղեն»,-հայտարարել է նա: ՂԱԿ-ի նախագահը հայտարարել է, որ հիմնական կարգախոսները եւ պահանջները նախընտրական զանգվածային միջոցառումներում պետք է կապված լինեն Ղարաբաղի հետ: Նրա խոսքերով, մոտ օրերս նախաձեռնություն կառաջադրվի ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքների եւ անկախ թեկնածուների կողմից հուշագիր ստորագրելու վերաբերյալ, որի համաձայն յուրաքանչյուր թեկնածու կոնկրետ պարտավորություններ կստանձնի Ղարաբաղի հետ կապված: Ադրբեջանի Լիբերալ կուսակցության նախագահի պաշտոնակատար Ավեզ Տեմիրխանովը ասել է, թե ԱՀ բոլոր քաղաքական ուժերի կենտրոնանալը ընտրությունների վրա, նորմալ երեւույթ է եւ դա չի նշանակում, որ ղարաբաղյան խնդիրը մոռացության է մատնվում: «Ղարաբաղը մնում է յուրաքանչյուր ադրբեջանցու առաջնահերթ խնդիրը: Սակայն հարկ է հաշվի առնել, որ երկրի հիմնական խնդիրների լուծումը կապված է ժողովրդավարական ընտրությունների հետ»: Ըստ Ա.Տեմիրխանի, լիբերալները չեն հավատում, որ խորհրդարանական ընտրությունները կանցնեն լիովին ժողովրդավարական, եւ չեն համարում, որ այդ ընտրությունները կազդեն ղարաբաղյան խնդրի լուծման վրա: Սակայն, իրենց կարծիքով, եթե ընտրությունները դեմոկրատական լինեն, խնդրի լուծումը կարագանա. «Ներկա իրավիճակում կարեւոր է զանգվածային ակցիաների անցկացումը, քանի որ դա իշխանությունների վրա ճնշում գործադրելու միակ միջոցն է: Այդ պատճառով պատշաճ մակարդակով զանգվածային ակցիաների կազմակերպման համար անհրաժեշտ է ժողովրդավարական ուժերի համախմբում: Գտնում եմ, որ ղարաբաղյան խնդրի լուծումը որոշ չափով կախված է նաեւ խորհրդարանական ընտրությունների ժողովրդավարական անցկացումից: Իսկ ընդդիմության լուրջ գործողությունները կարող են կարեւոր դերակատարություն ունենալ: Հավանաբար, ընտրություններից հետո խաղաղ բանակցությունների ընթացքը կարագանա»: