21 փետրվարի 2013 - 12:24 AMT
Ավստրալացի պատգամավորը կրկին արծարծել է Նոր Հարավային Ուելսի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցը

Ավստրալիայի Բեննելոնգ շրջանից ընտրված պատգամավոր Ջոն Ալեքսանդերը, ելույթ ունենալով Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանում, շնորհավորել է Ռեյդ քաղաքի հայազգի բնակիչ Ժակ Բարանին տարվա մարդ ընտրվելու կապակցությամբ: Իր ելույթում Ալեքսանդերը նշել է, որ Բարանը Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի ընտանիքից է: Ըստ պատգամավորի, հենց Հայոց ցեղասպանությունն է պատճառ հանդիսացել, որ հայերը սփռվել են աշխարհով մեկ, սակայն պահպանել են իրենց եզակի մշակույթը, հայտնում է Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը (ANC Australia):

ANC Australia գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորին խորհրդարանում կրկին Հայոց ցեղասպանության ճանաչման թեման արծարծելու համար: «Ցեղասպանությունը դա տխուր իրողություն է, որը ստիպեց հայերին հեռանալ հայրենիքից: Բարանի պատմությունը շատ տարածված է մեր համայնքում: Ջոն Ալեքսանդերը համայնքի պաշտպանն է բոլոր հարցերում, ինչը շատ կարևոր է Ավստրալիայի հայ համայնքի համար և մենք երախատապարտ ենք նրանք մշտական աջակցության համար»,-ասել է Ղահրամանյանը:

ANC Australia նաև շնորհավորել է Ժակ Բարանին: