21 փետրվարի 2013 - 12:44 AMT
Հայաստանը և Արցախը կմասնակցեն Լոս Անջելեսի Զբոսաշրջային ցուցահանդեսին

Սույն թվականի փետրվարի 22-24-ին` ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, տեղի կունենա հեղինակավոր Լոս Անջելեսի Զբոսաշրջային ցուցահանդեսը, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հանդիսանում է միջոցառման համահովանավորը: Հայաստանը և Արցախը հանդես կգան միասնական տաղավարով:

Հայաստանի և Արցախի գրավիչ և բազմաբնույթ զբոսաշրջային նկարագրի ձևավորման նպատակով այցելուներին կտրամադրվեն տեղեկագրեր, ֆիլմեր, տեսանյութեր, ինչպես նաև կցուցադրվեն ժողովրդական պարեր, ազգային ճաշատեսակներ:

Կներկայացվի Լոս Անջելեսի քույր-քաղաք հանդիսացող Երևանն իր գեղագիտական և մշակութային բազմազանությամբ: Ցուցահանդեսի շրջանակներում Մեթյու Քարանյանը և Ռոբերտ Քյուրքչյանը՝ «Քարերի այգի. Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մասին պատմող ուղեցույցի» համահեղինակները, կներկայացնեն և կմակագրեն ուղեցույցի նոր խմբագրությունը, հայտնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակը: