21 փետրվարի 2013 - 13:28 AMT
Մոսկվայում նշել են Ղարաբաղյան շարժման 25-ամյակը

Փետրվարի 20-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված 1988թ.-ին ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ նստաշրջանին ընդունված որոշման 25-ամյակին, որի համաձայն ԼՂԻՄ մարզխորհուրդը վճռեց դիմել Ադրբեջանի ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով իր խոսքում նշել է, որ 1988-ի իրադարձություններն ազդարարել են հայոց պետականության զարթոնքի սկիզբը: «Փետրվարի 20-ը փառավոր օր է հայոց նորագույն պատմության մեջ, քանի որ 1988թ.-ի ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ նստաշրջանին ընդունված որոշումը սկիզբ դրեց բացառիկ, նախատիպը չունեցող այն իրավական գործընթացին, որը տարիներ անց ողջ հայության անձնվերության, հայ մարտիկների ոգու տոկունության և հերոսական հաղթանակների արձանագրման ճանապարհով պետք է պսակվեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակմամբ», - ընդգծել է Օլեգ Եսայանը: Օլեգ Եսայանը հավելել է նաև, որ ադրբեջանական իշխանություններն ամենադաժան և վայրագ միջոցներով պատասխանեցին հայության արդարացի պահանջին՝ իրագործելով սարսափելի ոճրագործություններ Սումգայիթում, իսկ հետագայում՝ Բաքվում և այլ քաղաքներում, որոնց մինչև օրս միջազգային հանրության կողմից չի տրվել համապատասխան իրավական և քաղաքական գնահատական:

Ներկաներին ուղղված խոսքով հանդես է եկել նաև «Ղարաբաղյան շարժման» ակունքներում կանգնած, նշանավոր պետական, հասարակական գործիչ Սիմյոն Բաբայանը, ով 1988թ.-ին գլխավորել է նաև ԼՂԻՄ մարզային խորհուրդը: