22 փետրվարի 2013 - 13:50 AMT
Ռագըփ Զարաքօլուն նամակով դիմել է Լևոն Ջավախյանին և Էքրամ Էյլիսլիին

Ադրբեջանցի գրող Էքրամ Էյլիսլիի «Քարե երազներ» գիրքը, որը հայկական ջարդերի մասին է, Ադրբեջանում իրարանցում է առաջացրել: Այս գիրքը թուրքական բոլոր կայքերում ամենաընթերցված գիրքն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տարածաշրջանային խնդիրների գծով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: «Փետրվարի 13-ին Ստամբուլի դահլիճներից մեկում տրված ասուլիսում ներկա էին մի շարք մտավորականներ: Նրանք և 3 կուսակցություններ` Կանաչների, Ձախ և Ժողովուրդների դեմոկրատական կոնգրես կուսակցություններն այս հարցը բարձրացրեցին, սա մի կոչ էր ուղղված Ալիևին. «Եթե դու չես կարողանում Էքրամի անվտանոգությունը ապահովել և իր երկրում չես կարողանում պայմաններ ստեղծել ապրելու համար, դու մարդ չես»»,- ասաց Սարգիս Հացպանյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը՝գրող Լևոն Ջավախյանն ասաց. «Մենք դիմեցինք մտավորականությանը, որ այս ծանր բեռը իրենք տանեն ու արձագանքը եղավ այն, որ երեկ սատացանք բաց նամակ թուրք հրատարակիչ, մարդու իրավունքների պաշտպան-ակտիվիստ Ռագըփ Զարաքօլուից: Մենք էլ ենք ունեցել գրողներ, ովքեր գրել են մեր թշնամու մասին, ինչպես օրինակ Խ. Աբովյանի «Թուրքի աղջիկը»: Թնդանոթները լռել են, բայց արվեստը լռելու իրավունք չունի »,-ասաց գրողը:

Իսկ Ռագըփ Զարաքօլուի նամակում, որն ուղղված է Էքրեմ Էյլիսլուն և Լևոն Ջավախյանին, մասնավորապես, ասված է. « Այն փաստը, որ դուք` առանց միմյանցից տեղյակ լինելու և համարյա նույն ժամանակահատվածում ձեր մայրենի լեզուներով գրի եք առել «Քիրվա» և « Քարե երազներ» պատմվածքները ու ձեր մարդավայել կեցվածքով հարստացրել համաշխարհային գրականության պատմության էջերը, լավագույնս վկայում է ձեր մոտ խղճի առկայության մասին: Թանկագին Էքրամ Էյլիսլին ներկայումս ծայրահեղ ազգայնականների հարձակումների թիրախ է դարձել, տունը գտնվում է շրջապատման մեջ, սակայն, անտեսելով իրեն շրջապատող «դժոխային կրակը», իսկական մտավորականին հարիր կեցվացքով շարունակում է պնդել, որ ինքը խաղաղության խոսնակն է: Ես պատրաստ եմ գործադրել ինձնից կախված բոլոր ջանքերը՝ նրա խոսքը ընթերցողների ամենալայն զանգվածներին հասցնելու համար: Նախաձեռնելով այդ քաջ մարդու «Քարե երազանքներ» և նրա հայ գործընկերոջ Լևոն Ջավախյանի պատմվածքների համատեղ հրատարակությունը, ես ցանկանում եմ արձագանքեռլ նրանց խաղաղության և եղբայրության կոչին և իմ լուման ներդնել խաղաղության գործում, ինչին ձգտում են երկու հասարակությունների բոլոր ողջախոհ ուժերը»: