22 փետրվարի 2013 - 13:56 AMT
Արծրուն Պեպանյան. Ընտրությունները առիթ են իշխանության համար տեսնելու դաժան իրականությունը

Երկիրն այնպիսի ահավոր վիճակում է, որ լռելը հանցագործություն է: Ողջ ցավն այն է, որ մեր քաղաքական դաշտը ոչ միայն դեռ չի գտել իրավիճակը փոխելու ելքը, այլև դրանից բավական հեռու է գտնվում: Նման տեսակետ հայտնեց «Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Վերջինիս խոսքով`ինքը լիովին հասկանում է բոլոր նրանց, ովքեր պայքարում, ընդվզում են ու ինքն էլ պայքարողների հետ է:

«Անկախություն ձեռք բերելով, մենք, որպես հանրություն, ի վիճակի չեղանք կառուցել նորմալ պետական համակարգ: Ստեղծեցինք մեկ անձի վրա խարսխված իշխանական համակարգ, ում ենթարկվում են իշխանության բոլոր ճյուղերը`բացարձակապես չունենալով ինքնուրույնություն: Նաև չկարողացանք ստեղծել արդարադատության համակարգ, իսկ նման երկրում համապետական ընտրություւններ չեն կարող լինել»,-նշեց Պեպանյանը:

Բանախոսի խոսքով`ընտրությունները սոսկ առիթ են, որպեսզի բարձրագույն իշխանավորները տեսնեն իրականությունը իր ողջ դաժանությամբ ու եթե ունեն բավարար խելք, անհրաժեշտ հետևություն անեն, իսկ ընդդիմության համար` հանրային կյանքը վերախոխելու ունակ շարժում ձևավորելու հնարավորություն, իսկ այս երկու կետերից և ոչ մեկը առ այսօր չի իրականացվել: