22 փետրվարի 2013 - 14:07 AMT
ՌԱԿ-ը շնորհավորել է Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությմաբ

2013 թ. փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած նախագահական ընտրություններում ձայների զգալի առավելությամբ հաղթանակ տոնեց գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ում թեկնածությունը պաշտպանել և սատարել էր նաև աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցությունը:

ՌԱԿ-ը շնորհավորում է նորընտիր նախագահին և մաղթում նրան հետագա աշխատանքային նոր ձեռքբերումներ ու հաջողություններ: Ռամկավար Ազատական կուսակցությունը, հավատարիմ իր որդեգրած բացառապես հայրենանպաստ դիրքորոշմանը և իրատեսորեն գնահատելով միջազգային իրավիճակն ու մեր պետության շուրջն ստեղծված ներկա կացությունը, գտնում է, որ ժողովուրդն իր մեծամասնությամբ կատարել է ճիշտ ընտրություն և հետագա հինգ տարիների ընթացքում կլինի վերընտիր նախագահի կողքին, որպեսզի միասին հաղթահարենք ներքին ու արտաքին բազմաթիվ ու բազմապիսի խոչընդոտներն ու գնանք դեպի իրապես ապահով ապագա:

ՌԱԿ-ը, ուսումնասիրելով նախագահական ընտրությունների արդյունքների թվապատկերը, հանգել է եզրակացության, որ այն արտացոլում է երկրում ստեղծված ռեալ իրավիճակը, հասարակության տարբեր շերտերի դժգոհությունը, գերազանցապես համակարգային բնույթի թերությունները, որոնց հաղթահարման համար նորընտիր նախագահից կպահանջվեն ուժերի գերագույն լարում, հետևողական ջանքեր և նորովի, իրատեսական մոտեցումներ առկա խնդիրների լուծման համար:

Ռամկավար Ազատական կուսակցությունը, որն իր ակտիվ գործունեությամբ թե՛ Սփյուռքում, և թե՛ Մայր հայրենիքում նույնպես նպաստեց գործող նախագահ Սերժ Սարգսյանի հաղթանակին, և այս օրերին ողջույնի բազմաթիվ նամակներ է ստանում կուսակցության տարբեր կառույցների, ինչպես նաև համակիր կազմակերպությունների ղեկավարներից, հաղթանակի կապակցությամբ ողջունում է Սերժ Սարգսյանին և հաջողություններ մաղթում, ասվում է կուսակցության հողարդագրության մեջ: