22 փետրվարի 2013 - 14:40 AMT
Հայաստանի ըմբշամարտի երիտասարդների առաջնության ժամանակ կբողոքարկվի ՄՕԿ բյուրոյի որոշումը

Ըմբշամարտի 2020 թվականի Օլիմպիական խաղերում մնալ-չմնալու հարցը շարունակում է լուրջ քննարկումների առարկա լինել:

Ըմբշամարտի ներկայացուցիչները հանդես են գալիս կոչերով ու հորդորներով, որպեսզի այս մարզաձևը մնա Օլիմպիական խաղերի ծրագրում:

Այդպիսի մի ակցիա էլ կազմակերպվել է Թեհրանում, որտեղ տեղի ունեցավ հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունը, իսկ այս օրերին էլ ընթանում է ազատ ոճայինների Աշխարհի գավաթը:

PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն ասաց, որ բոլոր թիմերը եկել էին պաստառներով, որտեղ իրենց բողոքն էին հայտնում ՄՕԿ բյուրոյի կողմից ընդունած որոշմանը:

«Ողջ աշխարհի ըմբիշները միշտ էլ միասնական են եղել, ու ես կարծում եմ, որ մեր բողոքները անպայման տեղ են հասնելու ու մեր մարզաձևը կմնա ՕԽ ծրագրում: Առաջիկայում կայանալու է նաև Հայաստանի երիտասարդների առաջնությունը, և մենք նաև այդ առաջնության ժամանակ մեր բողոքի ձայնը կբարձրացնենք ու կներկայացնենք ՄՕԿ-ին»,- նշեց Ջուլֆալակյանը: ՄՕԿ վերջնական որոշում կկայացնի այս տարվա սեպտեմբերին Բուենոս Այրեսում: