23 սեպտեմբերի 2005 - 10:52 AMT
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«Միացյալ Նահանգները շուտով կհայտարարեն որոշ նոր նախաձեռնությունների մասին, որոնց գլխավոր նպատակն է լինելու աջակցել Հայաստանում 2007 եւ 2008 թվականներին խորհրդարանական եւ նախագահական ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը»,-այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը: Նրա խոսքերով, այդ հարցերը քննարկվելու են սեպտեմբերի 26-ին Վաշինգտոնում կայանալիք Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի (USATF) նիստում: «Մենք պատրաստվում ենք խոսել ժողովրդավարական բարեփոխումների բնագավառում Հայաստանի արձանագրած առաջընթացի մասին, քանի որ գտնում ենք, որ դրանք անմիջական ազդեցություն ունեն տնտեսական աճի վրա», - ասել է Ջոն Էվանսը: «Նիստում քննարկվելու են տնտեսական քաղաքականության հարցեր եւ երկարաժամկետ տնտեսական աճի ապահովման, ներդրումների ներգրավման եւ բիզնեսի զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծման հեռանկարները, Հայաստանի էներգետիկ եւ գյուղատնտեսական ոլորտներում տիրող իրավիճակը», - նշել է նա: USATF-ի նիստւոմ Հայաստանի եւ ԱՄՆ ներկայացուցիչները կքննարկեն նաեւ հակաահաբեկչական ջանքերի եւ սահմանների անվտանգության ապահովման հետ կապված հարցեր: «Մենք համոզված ենք, որ ահաբեկչության խնդիրը կարող է լուծվել միայն ողջ աշխարհով մեր բարեկամների եւ դաշնակիցների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ: Գլոբալիզացիան նշանակում է, որ մարդիկ, փողը եւ, ցավոք, թմրանյութերը, որոնք շատ հաճախ կապված են ահաբեկչության հետ, շրջում են աշխարհով, եւ վերահսկել այդ տեղաշարժերը հնարավոր է միայն համատեղ ջանքերով: Մեր հիմնական նպատակն է համոզվել, որ զանգվածային ոչնչացման զենքի արտադրության համար օգտագործվող նյութերը չեն կարող ապօրինի հատել սահմանները», - հայտարարել է Ջոն Էվանսը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությանը: