Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության ռիսկերը կվերահսկվեն

Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության ռիսկերը կվերահսկվեն

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ այսօր քննարկել և հավանության է արժանացրել կառավարության ներկայացրած «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության մասին» օրենքի նախագիծը: Այն լրացումներ է ենթադրում «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում և «Վարչական իրավախախտումների մասին» ու «ՀՀ քրեական» օրենսգրքերում:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը շրջանառված այս նախագիծը համարել է խիստ արդիական, իսկ դրա ընդունման անհրաժեշտությունը՝ հրատապ: Հիմնական նպատակը գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության ռիսկերի կառավարումն է: Մասնավորապես այս նախագծում ամրագրվել են մեխանիզմներ՝ ձևափոխված օրգանիզմների ազդեցությունը շրջակա միջավայրի կամ կենսաբազմազանության վրա նվազագույնի հասցնելու կամ բացառելու համար՝ հաշվի առնելով նաև մարդու կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը: Հարցը տարբեր փուլերով քննարկվել է թե հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ, թե ակադեմիական հաստատություններում: Բոլորը, նախարարի փոխանցմամբ, միակարծիք են. պետք է արգելել կամ վերահսկել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործումը: Այս նախագծով հնարավոր կդառնա պայքարել այնպիսի բացասական երևույթների դեմ, ինչպիսիք են գեների անկառավարելի փոխանցումը, ավանդական բույսերի սորտերի ու կենդանիների ցեղերի բազմազանության նվազումը, հողերի բնական բերրիության խախտումը և բուսական-կենդանական տեսակների բազմազանության աղքատացումը: Մասնագետներն ահազանգում են. այնպիսի լայն կիառում ունեցող կուլտուրաներ, ինչպիսիք են եգիպտացորենը, լոլիկը, սոյան, ցորենը, կարտոֆիլը, հիմնականում գենետիկորեն ձեւափոխվել են:

Մեկուսացված համակարգում այս օրգանիզմների գործածությունը՝ ներմուծումը, արտահանումը և տարանցիկ փոխադրումը նախագծով հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեություն: Սահմանված են նաև պետական մարմինների լիազորություններն այս ոլորտում, ինչպես նաև նախատեսված է փորձագիտական խմբի գործունեություն: Պատգամավորները հարց բարձրացրին՝ սննդի կամ կերի մեջ այս օրգանիզմների գործածության մասին, ինչը, ըստ Արամ Հարությունյանի, կարգավորված է մեկ այլ՝ «Սննդամթերքի անվտանգությւան մասին» օրենքով, որտեղ սահմանված է մակնշման պարտադիր պահանջ: Նախարարը նշեց, որ սա գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կիրառումը կանոնակարգելու առաջին քայլն է՝ քաղաքական որոշման արդյունք, հետագայում հնարավոր են նոր լուծումներ ու որոշումներ:

Հարցը դրական եզրակացությամբ հանձնաժողովը կառաջարկի ընդգրկել ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---