Այլընտրանքային զինվորական և աշխատանքային ծառայության ժամկետները կկրճատվեն

Այլընտրանքային զինվորական և աշխատանքային ծառայության ժամկետները կկրճատվեն

PanARMENIAN.Net - ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվել է «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը նախատեսում է այլընտրանքային զինվորական ծառայությունը տարանջատել այլընտրանքային աշխատանքային ծառայությունից՝ որպես չափանիշ դիտարկելով այն, թե անձի կրոնական դավանանքը կամ հայացքները հակասում են արդյոք ռազմական ստորաբաժանումներում զինվորական ծառայություն անցնելուն կամ էլ զենք կրելուն ու օգտագործելուն:

Նախատեսվում է որոշակիորեն կրճատել այլընտրանքային ծառայության ժամկետները՝ այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետ սահմանելով 30, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետ՝ 36 ամիսը: Նախագծով սահմանվում է այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներկայացուցչական կազմը՝ ներառելով տարածքային կառավարման, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, ոստիկանության և պաշտպանության, պետական կառավարման մարմինների ու կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի ոլորտները համակարգող ստորաբաժանման մեկական ներկայացուցչի:

Օրենքի նախագիծը կարգավորում և հստակեցնում է այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի կողմից դիմումները քննարկելու, դրանց վերաբերյալ որոշումներ ընդունելու, դրանք բողոքարկելու ընթացակարգերը:

Լրացումներ են կատարվել նաև «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքում: Այն անձինք, ովքեր պարտադիր զինվորական ծառայությունից խուսափել են կրոնական համոզմունքների կամ հայացքների պատճառով Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխան միջազգային պարտավորությունները ստանձնելու պահից մինչև «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ գործող օրենքի ընդունումը, պետք է օրենքի ուժով ճանաչվեն դատվածություն չունեցող: Այն անձինք, ովքեր գործող օրենքի ընդունումից հետո դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հանցագործությունների կատարման համար, լիազոր մարմնի եզրակացության հիման վրա նույնպես պետք է ճանաչվեն դատվածություն չունեցող, իսկ նրանք, ովքեր այս օրենքի օրինական ուժի մեջ մտնելու պահին դեռևս շարունակում են պատիժ կրել, պետք է հնարավորություն ունենան անցնելու այլընտրանքային ծառայության:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, կարևորելով ներկայացված օրինագծերի փաթեթը և՛ մարդու իրավունքների, և՛ ազգային անվտանգության տեսանկյունից, մտահոգություն է հայտնել, որ դիմումատուի պահանջը բավարարելու կամ մերժելու իրավասությունը հանրապետական հանձնաժողովին վերապահելը կարող է խնդիրներ առաջ բերել կամ սուբյեկտիվ լուծումների տեղիք տալ, և գերադասելի է համարել օրենքում հատուկ չափորոշիչներ ներառել, ինչը հարցի լուծումը կդարձնի առավել օբյեկտիվ: Նման մտահոգություն են հայտնել նաև քննարկմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, այնուհետև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մուրադյանը նշել են, որ հիմքն ակնհայտ է. դա անձի կրոնական դավանանքի կամ հայացքների հակասությունն է ռազմական ստորաբաժանումներում զինվորական ծառայություն անցնելուն կամ էլ միայն զենք կրելուն և օգտագործելուն: Ինչ վերաբերում է չափորոշիչներին, այդպիսին հնարավոր չէ արձանագրել օրենքում, քանի որ դիմումատուն պետք է ապացուցի իր ներկայացրած հիմքերը, որոնք կարող են տարբեր լինել, իսկ հանձնաժողովը, հենվելով նրա ներկայացրած փաստերի հավաստիության վրա, պետք է համապատասխան որոշում կայացնի: Հիմնական զեկուցող Հրայր Թովմասյանը հավաստիացրել է, որ եթե կոնկրետ չափորոշիչներ առաջարկվեն, որոնք ընդհանրական լինեն բոլոր դիմումատուների համար և խնդիրը կարգավորելու հնարավորություն տան, կառավարությունը պատրաստ է դրանք քննարկել և ներառել օրենքում:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը պատգամավորներին առաջարկել է դրական եզրակացություն տալ նախագծին՝ նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար: Նա տեղեկացրել է նաև, որ օրինագծի տարբեր դրույթների, ինչպես նաև այլ օրենքների հետ համապատասխանեցման վերաբերյալ ինքն ունի առաջարկներ, որոնք կներկայացնի մինչև երկրորդ ընթերցում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված նախագծին, իսկ հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և հարակից 14 օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթի քննարկումը հեղինակի՝ ՀՀ կառավարության առաջարկով հետաձգվել է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---