Զինծառայության կարգի դեմ հանցագործությունների համար նոր պատժաչափեր կսահմանվեն

Զինծառայության կարգի դեմ հանցագործությունների համար նոր պատժաչափեր կսահմանվեն

PanARMENIAN.Net - ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել մի շարք օրինագծերի, որոնք կընդգրկվեն ԱԺ գարնանային և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը քննարկման է ներկայացրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագիծը, որով սահմանվում է ՀՀ քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր ստանալու համար պետական տուրքի չափը՝ 65000 դրամ:

Շավարշ Քոչարյանը տեղեկացրել է, որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքով նախատեսված է, որ էլեկտրոնային անձնագրեր պետք է տրամադրեն նաև օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանությունները և հյուպատոսական հիմնարկները, ուստի անհրաժեշտություն է առաջացել մշակել նախագիծ, որը կկարգավորի խնդիրը: «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, նշելով, որ նախագիծը համատեղ մշակել են ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ զինվորական դատախազությունը: Քննարկմանը ներկա էր և հարցին անդրադարձավ նաև ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը:

Նշվեց, որ ելնելով օրենսգրքում առկա էական թերությունների ի հայտ գալու հանգամանքից, առաջարկվում է պատիժներ սահմանել զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերում:

Մասնավորապես, տարբեր պատժաչափեր են սահմանվում զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք մուտք գործելու, պետին դիմադրելու կամ նրան զինվորական ծառայության պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն հարկադրելու, պետի կամ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կամ դրանք կատարելու սպառնալիքի, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, զինծառայողին վիրավորանք հասցնելու և այլ դեպքերում: Պատժամիջոցներ են նախատեսվում նաև զինծառայողի կողմից թմրամիջոց կամ հոգեմետ նյութերի ապօրինի օգտագործման և մոլախաղերի կազմակերպման կամ դրան մասնակցելու դեպքերում:

Հաջորդ՝ «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը տեղեկացրել է, որ առաջարկվում է թույլատրել, որ 1988-92 թվականներին Ադրբեջանից Հայաստան բռնագաղթված փախստականները հնարավորություն ունենան ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:

Հանձնաժողովը քննարկել է նաև պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի մշակած «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

Հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ օրինագիծը նպատակ ունի առավել հստակեցնել, թե որ դեպքերում կարելի է ազատորեն օգտագործել ստեղծագործությունները: Մասնավորապես սահմանվում է, որ առանց հեղինակի համաձայնության և հեղինակային վարձատրության վճարման թույլատրվում է ոչ առևտրային նպատակով վեարտադրել, հեռարձակել այցելության համար բաց վայրերում տեղադրված ճարտարապետական, լուսանկարչական կամ կերպարվեստի ստեղծագործությունները:

Պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է Դավիթ Հարությունյանը: Պատգամավորներն առաջարկում են մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից պատգամավորի բացակայելն անհարգելի համարելու մասին որոշման կայացումը վերապահել ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովին: Ըստ հեղինակների՝ այս գործառույթի վերապահումը ԱԺ էթիկայի հանձնաժողովին պայմանավորված է նրա՝ անկախ եւ անկողմնակալ մարմին լինելու հանգամանքով:

Օրինագծերի վերաբերյալ հնչել են մի շարք առաջարկներ և դիտողություններ, որոնք, ինչպես հավաստիացրել են հիմնական զեկուցողները, կքննարկվեն առաջինից երկրոդ ընթերցում ժամանակահատվածում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---