22 փետրվարի 2013 - 20:44 AMT
ՀՊՃՀ ներկայացուցիչները շահել են Kaspersky Laboratory ընկերության ուսանողական կոնֆերանսի 2 մրցանակ

Այսօր հայտնի են դարձել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) մեկնարկած Kaspersky Laboratory ընկերության նախաձեռնությամբ անցկացվող "IT Security for the Next Generation 2013" ուսանողական միջազգային կոնֆերանսի «Ռուսաստան և ԱՊՀ երկրներ» ընտրական փուլի երեք հաղթողները, ովքեր հունիսին կմեկնեն Լոնդոն՝ մասնակցելու եզրափակիչ փուլին: Նրանք կմրցեն Հարավային Ամերիկայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ասիայում ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մինչ այդ կայացած ընտրական մյուս փուլերի հաղթողների հետ։ Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ՀՊՃՀ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնից:

Մրցանակային երրորդ տեղը գրավել է Մաքսիմ Շուդրակը Կրասնոյարկսից, ում աշխատանքը որակվել է` որպես կիրառական արժեք ունեցող աշխատանք: Մրցանակային երկրորդ տեղը գրավել է ՀՊՃՀ մագիստրանտ Վլադիմիր Հովսեփյանը. ժյուրիի գնահատմամբ նրա աշխատանքն առանձնանում էր նորարարությամբ և յուրօրինակությամբ: Իսկ մրցանակային առաջին տեղը ՀՊՃՀ Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի ասպիրանտ Վահրամ Դարբինյանին է, ում աշխատանքը` DDoS հարձակումներին մասին, ճանաչվել է 14 աշխատանքներից լավագույնը:

Բացի գլխավոր մրցանակներից` խրախուսական մրցանակներ էին սահմանել նաև ճարտարագիտական համալսարանը. Մայքրոսոֆթ Արմենիա ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը և ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը:

Կոնֆերանսի միջազգային փորձագետ, Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Անդրեյ Ֆիլիպովիչը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին և նրանց գիտական ղեկավարներին` կարևորելով նրանց դերը այսօրվա միջոցառման մեջ։ Նա ընդգծել է այն փաստը, որ կոնֆերանսի բոլոր մասնակիցների աշխատանքներում գիտական բաղադրիչը ցայտուն երևում էր, ինչն էլ ավելի արժեքավոր էր դարձրել ուսանողական կոնֆերանսը:

Ըստ կոնֆերանսի փորձագետ, ՀՊՃՀ պրոֆեսոր Գևորգ Մարգարովի` այսօրվա ամենակարևոր անվանակարգը, որը նա պայմանականորեն անվանել է «Շարժում դեպի ապագա», շնորհվում է անխտիր բոլոր ներկաներին։ Նա հույս է հայտնել, որ հետագայում ՀՊՃՀ-ն ևս մեծ պատրատակամությամբ իր հարկի տակ կընդունի “Kaspersky Laboratory” ընկերության հերթական կրթական ձեռնարկները և ակտիվորեն կմասնակցի դրանց կյանքի կոչմանը:

Եզրափակելով կոնֆերանսի «Ռուսաստան և ԱՊՀ երկրներ» փուլը` Kaspersky Laboratory ընկերության Կրթական նախաձեռնությունների դեպարտամենտի ղեկավար Վենիամին Գինոդմանը նշել է, որ այս կոնֆերանսի ամենամեծ ձեռքբերումը, թերևս, «մենք»-ի գիտակցումն էր և միասնականության գաղափարը, որը ուղեկցել է կոնֆերանսի բոլոր մասնակիցներին երկու օրերի ընթացքում:

ՀՊՃՀ Տեղեկատվական անվտանգության և ծրագրային ապահովման ամբիոնի համագործակցությունը Kaspersky laboratory ընկերության հետ ունի 6 տարվա պատմություն: Ամբիոնն անդամակցում է նաև Կասպերսկու ակադեմիային, ինչը հնարավորություն է տալիս արտոնյալ պայմաններով օգտվել ընկերության ծրագրերից և գործիքներից, ինչպես նաև ժամանակակից ուսումնական պաշարներից