Է. Նալբանդյանը` Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին. Դիվանագիտութունը պիտի արյան մեջ լինի

Է. Նալբանդյանը` Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին. Դիվանագիտութունը պիտի արյան մեջ լինի

PanARMENIAN.Net - Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը առաջին դասախոսությամբ հանդես է եկել ԱԳՆ դիվանագիտական դպրոցի նոր ընդունված ունկնդիրների առջև։ Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության, հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով ունկնդիրներին դիվանագիտական դպրոց ընդունվելու կապակցությամբ` նախարար Նալբանդյանն ասել է, որ կրթօջախի չորրորդ սերունդը հաճախում է դիվանագիտական կադրերի պատրաստման կրթական հաստատություն, որի հիմնումը և արդյունավետ գործունեությունը արդեն կայացած փաստ է։

«Դիվանագիտութունն, իհարկե, նախևառաջ, պիտի լինի արյան մեջ, բայց այն նաև մասնագիտություն է, և ինչպես որևէ մասնագիտություն, պահանջում է հիմնավոր կրթություն։ Դուք հնարավորություն կունենաք մոտիկից ծանոթանալու դիվանագիտական արվեստին և բանակցություններ վարելու հմտությանը, Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումներին ու մոտեցումներին, միջազգային իրավունքի, միջազգային տնտեսական հարաբերությունների խնդիրներին, դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատանքի նրբություններին: Դպրոցում դասավանդելու են առաջատար մասնագետներ Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Միացյալ Թագավորությունից, Բելգիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Սլովենիայից, Էստոնիայից, Շվեյցարիայից, Կանադայից, Նիդեռլանդներից, Չեխիայից և Ավստրիայից: Դուք հնարավորություն կունենաք նաև լսելու Հայաստան այցելող արտգործնախարարներին և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին»,- ասել է նախարար Նալբանդյանը։

Եզրափակելով խոսքը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ դպրոցի յուրաքանչյուր ունկնդիր պետք է առավելագույնս օգտվի մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու այս հնարավորությունից, որպեսզի մեկ տարի հետո կարողանա համալրել Հայաստանի դիվանագիտական ծառայության շարքերը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---