23 սեպտեմբերի 2005 - 12:03 AMT
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ «ՍԱԴՐԱՆՔ» Է ԱՆՎԱՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարի մամուլի քարտուղար Կրիշտինա Նագին «հերթական սադրանք» է անվանել թուրքական դատարանի որոշումը, որով կասեցվել է Ստամբուլի Բոսֆորի համալսարանում Հայոց ցեղասպանության հարցերին նվիրված գիտաժողովի անցկացումը: «Իրավական հիմնավորումների բացակայությունը եւ կոնֆերանսի չեղյալ հայտարարելը դրա մեկնարկից ընդամենը մեկ օր առաջ հերթական սադրանքի տեսք ունի», - հայտարարել է Կրիշտինա Նագին: Մինչ այդ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլլի Ռենը «սադրանք» էր անվանել թուրքական դատարանի որոշումը` հայտնի գրող Օրհան Փամուկի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին, որը հրապարակայնորեն հայտարարել էր 1,5 միլիոն հայերի ոչնչացման մասին: Այսօրվա թուրքական թերթերը մեջբերում են Թուրքիայի վարչապետի եւ արտաքին գործերի նախարարի հայտարարությունները, որոնք դատապարտում են դատարանի որոշումը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ «դեռեւս չմեկնարկած կոնֆերանսի կանխումը, որի օրակարգը նույնպես հստակեցված չէր, ոչ մի ընդհանուր բան չունի ժողովրդավարության հետ»: Իսկ ԱԳ նախարար Աբդուլա Գյուլն ասել է, որ «ոչ ոք չի կարող ավելի շատ վնասել մեզ, քան մենք` ինքներս»: Ստամբուլի Բոսֆորի համալսարանում վերոնշյալ գիտաժողովը պետք է կայանար դեռեւս այս տարվա մայիսին, սակայն չեղյալ էր հայտարարվել Թուրքիայի արդարադատության նախարարի նախաձեռնությամբ: