23 սեպտեմբերի 2005 - 13:57 AMT
ԱՀԿ-ՈՒՄ ՀՀ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ
Սեպտեմբերի 22-ին Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Պասկալ Լամիին, տեղեկացնում է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Շվեյցարիայոմ Հայաստանի դեսպան եւ ՄԱԿ-ի Ժնեւի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը եւ ԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ա.Հովհաննիսյանը: Կ.Ճշմարիտյանը եւ պատվիրակության անդամները շնորհավորեցին Պ. Լամիին ԱՀԿ գլխավոր քարտուղար ընտրվելու կապակցությամբ` հանձնելով Հայաստանի նախագահի շնորհավորական նամակը: Հանդիպման ընթացքում Պ.Լամիին հանձնվեցին ԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հավատարմագրերը: Կողմերը վստահություն հայտնեցին, որ ԱՀԿ կենտրոնակայանում ՀՀ մշտական ներկայացուցչի նշանակմամբ Հայաստանի գործունեությունը կազմակերպության շրջանակներում, առավել եւս ԱՀԿ անդամների համար նոր որակ կստանա: Կողմերը կարեւորեցին ԱՀԿ Նախարարական 6-րդ վեհաժողովը, որը կկայանա ընթացիկ տարվա դեկտեմբերին Հոնգ-Կոնգում, եւ բանակցությունների հետագա ընթացքը: Հանդիպման կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին ԱՀԿ Ուսումնական եւ տեխնիկական համագործակցության ինստիտուտի ծրագրում ՀՀ մասնավոր հատվածի համար համապատասխան սեմինար-խորհրդակցություններ կազմակերպելու մասին: Կողմերը քննարկեցին նաեւ ԱՀԿ-ին այլ երկրների անդամակցության գործընթացը: Կողմերը համակարծիք էին ԱՀԿ ազդեցիկ դերի էլ ավելի բարձրացման եւ միջազգային այլ տնտեսական կառույցների հետ համագործակցության խորացման անհրաժեշտության վերաբերյալ: Սեպտեմբերի 19-22-ը Կարեն Ճշմարիտյանը մասնակցեց նաեւ ԱՀԿ բանակցային գործընթացի շրջանակում տեղի ունեցած ԱՀԿ Գյուղատնտեսության եւ Ծառայությունների կոմիտեների նիստերին: