24 սեպտեմբերի 2005 - 09:28 AMT
ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԵՄ-ԹՈՒՐՔԻԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍԵԼՈՒ ՕԳՏԻՆ
«Եթե Թուրքիան կատարի բանակցությունները սկսելու պահանջները, ԵՄ-ն պետք է սկսի բանակցությունները, չնայած վերջնական որոշումը կայացնելու է Եվրոպական Հանձնաժողովը»,-այդ մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենը: «Ֆինլանդիան արտահայտել է իր աջակցությունը Եվրոպական Միության ընդլայնմանը: Թուրքիան Եվրոպական Միությանն անդամակցելու իր ցանկության մասին հայտարարել է Ֆինլանդիայից առաջ, սակայն Ֆինլանդիան արդեն 10 տարի է, ինչ ԵՄ անդամ է: Այնպես որ, Թուրքիայի եւ ԵՄ միջեւ հարաբերությունները երկար պատմություն ունեն», - ասել է Տարյա Հալոնենը: Պատասխանելով հայ-թուրքական սահմանի վերաբացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման խնդիրը բանակցությունների օրակարգում ընդգրկելու հնարավորության մասին հարցին, Ֆինլանդիայի նախագահը նշել է. «Չեմ ցանկանում մանրամասնել բոլոր այն թեմաները, որոնք կառաջանան բանակցությունների ընթացքում, սակայն սովորաբար մենք պահանջում ենք թեկնածու երկրից, որպեսզի նա համապատասխանի Կոպենհագենի չափանիշներին: Այնուհետեւ Թուրքիան պետք է ընդունի եւ ճանաչի Եվրոպական Միության բոլոր անդամ-երկրներին: Եվ, վերջապես, մենք հույս ունենք, որ թեկնածու երկրներն կունենան բարիդրացիական հարաբերություններ իրենց հարեւանների հետ: Մենք ասում ենք այս մասին բոլոր թեկնածու երկրներին, սակայն նման դեպքերում կողմերը միշտ երկուսն են. հարեւանությունը միշտ ենթադրում է հարաբերություններ երկուսի միջեւ», հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-28 Տ.Հալոնենը կայցելի Հայաստան պաշտոնական այցով: