Քաղաքապետարանն ու ոստիկանությանն իրազեկվել են շտապ հավաքի անցկացման մասին

Քաղաքապետարանն ու ոստիկանությանն իրազեկվել են շտապ հավաքի անցկացման մասին

PanARMENIAN.Net - ՀՀ Նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ տեղեկացնում է 24.02.2013թ.՝ ժամը 15:00-ին, Երևանի Ազատության հրապարակում շտապ հավաք հրավիրելու մասին։ Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, Երևանի քաղաքապետարանն ու ոստիկանությունն արդեն իրազեկվել են շտապ հավաքի անցկացման մասին։ Նա նաև կարծիք հայտնեց, որ հավաքն անցկացնելու հետ կապված որևէ խոչընդոտներ չեն լինի։ Հայտարարությունում նաև ասվում է․

«ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբը 24.02.2013թ., ժամը 15:00-ին Երևանի Ազատության հրապարակում հրավիրում է շտապ հավաք` համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի, ըստ որի` շտապ է այն հավաքը, որը կազմակերպվում և անցկացվում է որևէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով և այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում (շտապ հավաք):

Հավաքի անցկացման նպատակն է, մասնավորապես, արձագանքել Րաֆֆի Հովհաննիսյանի 23.02.2013թ. մարզային այցելություններից հետո Հանրապետությունում ստեղծված իրավիճակին:

Համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի, տեղի ունենալիք հավաքի մասին այսօր առավոտյան կիրազեկվի Երևանի քաղաքապետարանն ու ոստիկանությունը:

Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբն ի լուր հանրության և հավաքի մասնակիցների հայտարարում է, որ հավաքն ունի խաղաղ բնույթ և անցկացվելու է ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին:

Ելնելով վերը նշվածից` Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբը ակնկալում է, որ ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով, իր իրավասության սահմաններում կաջակցի հավաքի անցկացմանը»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---