25 փետրվարի 2013 - 15:06 AMT
Ալեքսանդր Ցինկեր. Հայաստանի նախագահը «դեղին քարտ է ստացել»

Այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն, Դաշնակցությունն ու ՀԱԿ-ը, տարբեր պատճառներով, իրենց թեկնածուներին չառաջադրեցին ՀՀ նախագահի ընտրություններում, ընտրարշավի սրությունը մի փոքր մեղմվեց: Սակայն սխալ կլինի ասել, թե ընտրությունները մրցակցային չէին: Երկու այնպիսի թեկնածություների առկայությունը, ինչպիսիք էին Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, որոշակի ինտրիգ ներմուծեցին՚: Այսպիսին է Ընտրական համակարգերի միջազգային կենտրոնի (ICES) նախագահ, ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերի կարծիքը, որը գլխավորում էր ICES դիտորդական առաքելությունը ՀՀ նախագահի ընտրություններում:

Ընտրարշավի ժամանակ անցկացված հարցումները արդեն առաջին փուլում կանխատեսում էին գործող նախագահ Սերժ Սարգսյանի հաղթանակը: Ընդդիմադիր թեկնածուներից առաջատար դիրքերում էր Րաֆֆի Հովհաննիսյանը, որը շատ ակտիվ ու ագրեսիվ արշավ վարեց: Ճիշտ է, ամենալավատեսական հարցումները Հովհաննիսյանին 30 տոկոսից ավելի չէին տալիս: Այն, որ արդյունքում ընդդիմադիր թեկնածուն 37 տոկոս ստացավ, ավելի շատ վկայում է բողոքային ընտրազանգվածի քանակի մասին, քան նրա անձնական հեղինակության:

Երկու առաջնորդների պայքար այս ընտրարշավում չի եղել: Կար մեկ առաջնորդ՝ Սերժ Սարգսյանը, սակայն ժողովուրդը ցույց տվեց նրան, որ եթե արմատական փոփոխություններ չլինեն երկրի սոցիալական ու քաղաքական կյանքում և տեղի չունենա քաղաքական ուժերի վերաբաշխում, այդ դեպքում իշխանությունն արդեն ոչ թե «դեղին», այլ «կարմիր» քարտ կստանա: Անցած ընտրություններում գործնականում անդրադարձ չեղավ Հայաստանի արտաքին քաղաքականությանը: Բոլոր բանավեճերը հիմնականում ընթանում էին ներքին քաղաքականության ու սոցիալ-տնտեսական փոփոխությունների շուրջ: Ուստի, ինձ թվում է, որ առաջիկայում վերընտրված նախագահը ջանքերն ուղղելու է իշխանության ներքին վերակառուցմանը, ապահովելու համար նրա կայունությունն ու ձևավորվող նոր միջկուսակցական ու միջվերնախավային հարաբերությունները Հայաստանում»,-ասել է քաղաքագետը: