25 փետրվարի 2013 - 15:25 AMT
Թևան Պողոսյան. Այդ ինչպե՞ս է ստացվել, որ միայն Րաֆֆի Հովհաննիսյանի ցավն են որոշել տանել

Ես համոզված եմ, որ եթե բոլոր 1988 տեղամասերում վերահաշվարկ կատարվի, դա ընտրությունների արդյունքները չի փոխի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը: Նա կոչ արեց, որ նրանք, ովքեր խոսում են օրենքից իրենք չխախտեն օրենքը: «Մենք գյուղերում և համայնքներում այնքան ենք հանդիպել գյուղացիների հետ, որ մեզանից ավելի ոչ ոք չի հասկանում նրանց խնդիրները և կարծում եմ, որ դրանց լուծումն էլ մենք ենք տալու», -ասաց Կարինե Աճեմյանը:

Ըստ նրա այս ընտրությունները անհամեմատ ավելի արդար էին, քան նախորդ ընտրությունները: Դրանք նորություններ մտցրին հայ քաղաքական մշակույթի մեջ: «Դա այն քաղաքական մշակույթն է, երբ մարդիկ, ովքեր մրցակիցներ էին երեք օր առաջ, իրար ձեռք են սեղմում: Այդպիսի բան 20 տարվա ընթացքում տեղի չէր ունեցել»,- նշեց Կարինե Աճեմյանը: Հանդիպմանը ներկա «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Թևան Պողոսյանը համաձայն չէր Կարինե Աճեմյանի հետ: Թեև նա չհերքեց, որ փետրվարի 18-ի ընտրությունները որակապես տարբերվում են նախորդ ընտրություններից, քանի որ այդքան քաղաքացի հավատաց փոփոխության հնարավորությանը և քարոզարշավի ժամանակ բոլոր թեկնածուներին հավասար հնարավորություններ տրվեցին, սակայն ըստ նրա՝ այս ընտրությունները ևս անցան կոպիտ խախտումներով: Եղել են քվեաթերթիկներ, որոնք անվավեր են եղել, ինչպես օրինակ՝ ընտրելով Րաֆֆի Հովհաննիսյանին, քվեաթերթիկի վրա գրել են «ցավդ տանեմ»: «Այդ ինչպե՞ս է ստացվել, որ միայն Րաֆֆի Հովհաննիսյանի ցավն են որոշել տանել»,- ասաց Թևան Պողոսյանը:

«Ժառանգություն կուսակցությունը փակուղուց դուրս գալու երեք ծրագիր է առաջարկել իշխանությանը, սակայն դրանցից և ոչ մեկը չընդունվեց»,-ասաց Թևան Պողոսյանը: Այն քաղաքներում, որտեղ իրենք հաղթել են, այժմ քաղաքապետերը հրաժարականներ են տալիս, իսկ այդ քաղաքներում, բնականաբար, կլինեն նոր ընտրություններ և «Ժառանգությունը» կփորձի փոխարինել քաղաքապետներին, գյուղապետների և տեղական ինքնակառավարման այլ մարմիններին իրենց կողմնակիցներով, ինչի շնորհիվ հնարավոր կլինի հասնել իրենց քաղաքական նպատակների իրականացմանը: Սակայն, այդ ամենը ըստ Պողոսյանի՝ օրենքի սահմաններւոմ է կատարվելու. «Մինչև հիմա մենք ապացուցել ենք, որ օրենքից դուրս չենք գործում և սրանից հետո էլ այդպես ենք գործելու»,-ասաց Թևան Պողոսյանը: Երկու կուսակցությանն ներկայացուցիչներն էլ դեմ արտահայտվեցին ուսանողնեի կողմից հայտարարված դասադուլին, քանի որ ըստ նրանց՝ չպետք է խաթարվի դասերի ընթացքը: