25 փետրվարի 2013 - 16:05 AMT
Պողոս Պողոսյան. Ծանրամարտի հավաքականում լուրջ փոփոխություններ են սպասվում

Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականում լուրջ փոփոխություններ են սպասվում: Թիմում նոր համալրումներ են լինելու, այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը: Վերջերս կայացած Հայաստանի առաջնությունում աչքի ընկած մարզիկները լինելու են մարզչի ուշադրության կենտրոնում: Նա նշեց, որ Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանն ու Եվրոպայի չեմպիոն և աշխարհի արծաթե մեդալակիր Առաքել Միրզոյանը ազատված են եղել առաջնությունից, քանի որ լիովին չեն ապաքինվել վնասվածքներից:

«Հավաքականի կազմում լուրջ սերնդափոխություն պետք է կատարվի: 2014-2015 թվականներին երիտասարդ ծանրորդները պետք է հանդես գան վարկանշային առաջնություններում և 5-6 Օլիմպիական ուղեգիր նվաճեն»,- ընդգծել է մարզիչը: Նրա խոսքով, այս տարվա Եվրոպայի առաջնությունում հնարավորություն է տալու մասնակցելու երիտասարդներին, իսկ ովքեր կարդարացնեն սպասելիքները, կամրապնդեն իրենց տեղը հավաքականում:

Եվրոպայի առաջնությունը կայանալու է ապրիլի 8-14-ը Տիրանայում (Ալբանիա): Մինչ այդ հավաքականը երկու հավաք է անցկացնելու, որից առաջինը նախատեսված է անցկացնել մարտի 5-17-ը Ծաղկաձորում: Երկրորդ հավաքից հետո միայն կորոշվեն այն մարզիկները, որոնք հանդես են գալու Տիրանայում: