25 փետրվարի 2013 - 16:17 AMT
Մարտի 8-ին Երևանում կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների կողմից կազմակերպվող ընդունելության օրերին բնակիչների կողմից բարձրացվող հարցերի, առաջարկությունների ու խնդիրներին տրվող պատասխանների և լուծումների վերաբերյալ դիտարկում անցկացնել: «Ընդունելությունների դիտարկումը հնարավորություն կտա առավել հստակ պատկերացնել, թե հատկապես ինչ խնդիրներ են մտահոգում մեր բնակիչներին: Սա նաև լավ հնարավորություն է կրկնվող կամ առայժմ չլուծված հարցերը տեսնելու համար, ինչը կնպաստի, որպեսզի կարողանանք առաջադրված այդ հարցադրումներին օպերատիվ լուծում տա»,-ասել է քաղաքապետը:

Անդրադառնալով դպրոցներում դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել ուժեղացված հսկողությունը, իսկ մայրաքաղաքի երկու դպրոցներում դրամահավաքության փորձի մասին քաղաքացիների կողմից հնչեցված ահազանգերի հիմքով տվյալ կրթօջախների տնօրեններին հայտարարել խիստ նկատողություն:

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ, քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքում կկազմակերպվեն տարատեսակ միջոցառումներ: