25 փետրվարի 2013 - 17:50 AMT
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը փետրվարի 26-ին հրավիրում է դասական երաժշտության հերթական երեկոյի

Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը իր հավատարիմ հանդիսատեսին է ներկայացնում դասական երաժշտության հերթական երեկոն:

Վերջինիս ընթացքում կհնչեն Դմիտրի Շոստակովիչի, Բելլա Բարտոկի, Գեղունի Չթչյանի, Միխայիլ Կոկժաևի, Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործություններից:

Ծրագրի ընտրությունը, բնավ, պատահական չէր:

Է. Հայրապետյանի՝ Միսաք Մեծարենցի համանուն ստեղծագործության խոսքերով գրված «Ի՜նչ արբեցությամբ...» ստեղծագործությունը դեռևս 2012 թվականի սեպտեմբերի 29-ին Դրեզդենի «Ֆրաուենկիրխե» եկեղեցում ներկայացվել էր Դրեզդենի Ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի համատեղ ելույթի ընթացքում, որը ղեկավարել էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Համերգը կայացել էր Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում, որը իր պատմության մեջ առաջին անգամ դուրս էր եկել Հայաստանի սահմաններից: Այս իրավամբ նշանակալի իրադարձությունը կյանքի էր կոչվել Սերգեյ Սմբատյանի շնորհիվ, ով լինելով IMG Artists հեղինակավոր երաժշտական գործակալության անդամ, հանդես էր եկել միջնորդությամբ և հայրենիքի սահմաններից դուրս ներկայացրել էր Հայաստանի պետական կամերային երգչախմբի բարձր վարպետությունը և հայ կոմպոզիտորական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից Էդուարդ Հայրապետյանին:

Բելա Բարտոկի ընտրությունը պայմանավորված է Հայաստանում նրա գործերի չափազանց հազվադեպ կատարմամբ: Հունգարական այս կոմպոզիտորը, դաշնակահարը, ուսուցիչն և երաժշտագետը պատկանում է XX դարի մեծանուն այնպիսի երաժիշտ-նորարարների շարքին, ինչպիսիք են Կ. Դեբյուսին, Մ. Ռավելը, Ի. Ստրավինսկին, Ս. Պրոկոֆևը, Դ. Շոստակովիչը: Այս հեղինակի անվան հետ է կապված XX դարի եվրոպական երաժշտության պատմության նշանակալի էջերից մեկը և հունգարական երաժշտական մշակույթի մի ամբողջ դարաշրջան:

Ծրագրի մյուս հատվածները հայ լսարանին արդեն իսկ հանրածանոթ ստեղծագործություններ են՝ սիրված, ընդունված և սպասելի: Այսպես, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գեղունի Չթչյանը Հայաստանի մշակույթի պատմության մեջ անվիճելի ժողովրդականություն և սեր վայելող եզակի կին ստեղծագործողներից է, ում բեղմնավոր ու հարուստ ստեղծագործական ճանապարհը արդեն իսկ կանխորոշել է նրա հաջողությունը լսարանի շրջանակներում` ապահովելով նվիրված հետևորդների մի ամբողջ բազմություն:

Արվեստագիտության թեկնածու, Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի իսկական անդամ, ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալակիր, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երաժշտագետ-կոմպոզիտոր Միխայիլ Կոկժաևի «Հիշատակության օր»-ը` նվիրված Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին, բազմիցս հնչել է ոչ միայն հայրենիքում, այլ նաև դրա սահմաններից դուրս`հուզելով բազմահազար օտարերկրյա ունկնդիրների:

Փետրվարի 26-ին` ժամը 19:00, հրավիրում ենք բոլորին Արամ Խաչատրյան համերգասրահ` վայելելու գեղեցիկ և որակյալ երաժշտություն, ասվում է նվագախմբի հաղորդագրության մեջ: