
Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ վերընտրվելու կապակցությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:
«Լեհաստանը, որպես Հայաստանի վաղեմի բարեկամ և նրա Եվրամիության հետ մերձեցմանը սատարող, ողջունում է Հայաստանում տեղի ունեցած բարեփոխումները, ժողովրդավարության ընդլայնումը և քաղաքացիական հասարակության կառուցումը: Լեհաստանը կօգնի և կաջակցի Հայաստանին Ասոցացման համաձայնագրի, ինչպես նաև Եվրամիության հետ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու պայմանագրի գործում ընթացող բանակցություններին»,-ասված է Լեհաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:
Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուկը:
«Գերմանիան մեծ ակնկալիքներով հետևում է Ձեր երկրում ընթացող քաղաքական և տնտեսական բարեփոխումների գործընթացին և այսուհետ ևս Հայաստանի վստահելի գործընկերը կլինի երկկողմ հարաբերություններում, ինչպես նաև Եվրամիության շրջանակում»,-ասված է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում: