26 փետրվարի 2013 - 12:43 AMT
Զատկին ընդառաջ աճում են ձվի գները

Զատկին ընդառաջ հայաստանյան շուկայում արդեն աճել է ձվի պահանջարկը: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի կարգադրությամբ, երեկվանից հակամենաշնորհային մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են սկսել ձվի շուկայում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել ՏՄՊՊՀ մամլո ծառայությունում: «Ձվի շուկան մեր ուշադրության կենտրոնում է»,-ասել են հակամենաշնորհային մարմնում:

Ըստ դիտարկման արդյունքների, երեկվա դրությամբ ձվի շուկայում արդեն արձանագրվել է փաթեթավորված հավկիթների գնաճ միջինը 1-2 դրամով: Եթե նախկինում 10 ձու պարունակող 1 տուփը արժեր 660 դրամ, ապա այժմ այն կարելի է ձեռք բերել 670 դրամով: Ինչ վերաբերում է հատով ապրանքին, ապա այստեղ գնաճ դեռ չի նկատվում:

ՏՄՊՊՀ-ում ասել են, որ դիտարկումը շարունկավում է, իսկ արդյունքները կներկայացվեն հանրությանը: