26 փետրվարի 2013 - 15:10 AMT
Վրաստանի վարչապետը վերջնագիր է ներկայացրել Սահակաշվիլիին

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հորդորում է նախագահ Սահակաշվիլիին իր հստակ դիրքորոշումը հայտնել սահմանադրական ուղղումների վերաբերյալ առաջիկա 2-3 օրերին: Այդ մասին ասվում է նախագահին ուղղված վարչապետի ուղերձում:

Իվանիշվիլին հայտարարում է, որ «Վրաստանում իշխանության հարցը լուծված է», ուստի դիմում է նախագահին «ոչ թե որպես քաղաքական գործչի, այլ այն պատճառով, որ անջրպետը նախագահի թիմի ու հանրության միջև աճում է:

«Դիմում եմ Ձեզ, քանի որ օգտակար չեմ համարում երկրի համար Ձեր հետ անցած 9 տարիների վարկաբեկումը: Ցանկանում եմ, որ մենք արժանի ելք գտնենք»,-ասել է Իվանիշիվլին:

Նա նշել է նաև, որ իր նախաձեռնած սահմանադրական ուղղումը քվեարկության կդրվի մինչև մարտի վերջը: «Ցանկանում եք իմ խոսքերը վերջնագիր համարեք, ուզում եք՝ ոչ, բայց միանշանակ հայտարարում եմ՝ ով համաձայն է իմ ուղղմանը, սխալները շտկելու շանս ունի և քաղաքական ապագա: Ով հրաժարվում է ուղղումներից, լիովին ստանձնում է պատասխանատվությունն այն ամենի համար, ինչ այս 9 տարիներին արել է ձեր թիմի յուրաքանչյուր անդամ և շարունակում է ապրել այդ բեռով»,-ասել է Իվանիշվիլին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: