27 սեպտեմբերի 2005 - 13:38 AMT
Ա.ՄԱՐԳԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԲԽՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՍԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՑ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մրագարյանն այսօր հանդիպել է Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենին, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:Արձանագրելով հայ-ֆիննական հարաբերությունների ակտիվությունը` կողմերն արտահայտվել են դրանք զարգացնելու օգտին: Ա.Մարգարյանը վստահություն է հայտնել, որ Տարյա Հալոնենի այցը նոր ազդակ կհանդիսանա այդ գործընթացի խթանման համար: Մշտական քաղաքական երկխոսության պահպանման նպատակով` զրուցակիցները նպատակահարմար են համարել երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջեւ պարբերական քաղաքական խորհրդատվությունների կազմակերպումը: Կարեւորելով «Եվրոպական հարեւանության քաղաքականության» մեջ Հարավային Կովկասի երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի ընդգրկումը` Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ այդ շրջանակներում Հայաստան-ԵՄ համատեղ Գործողությունների ծրագրի մշակումն ու իրականացումը բխում է մեր երկրի կենսական շահերից եւ համապատասխանում է երկրում իրականացվող բարեփոխումների ընդհանուր ուղղվածությանը: Ա.Մարգարյանը կարեւորել է Եվրամիության անհատական մոտեցումը յուրաքանչյուր երկրի նկատմամբ եւ ոչ թե այդ գործընթացի փաթեթային իրականացումը մի քանի երկրների համար միաժամանակ, ինչն առկա էր Եվրախորհրդին անդամակցելիս: Նա ընդգծել է, որ մեր երկիրն ակնկալում է նաեւ Ֆինլանդիայի գործուն աջակցությունը «Եվրոպական հարեւանության քաղաքականության» շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության զարգացման խնդրում` որոշակի ծրագրերի մշակման եւ իրագործման եղանակով, ինչպես նաեւ երկու երկրների ճյուղային նախարարությունների եւ գերատեսչությունների համագործակցության միջոցով: Նշելով, որ տարածաշրջանի նկատմամբ Եվրոպական Միության հետաքրքրության աճի վկայությունն էր Ֆինլանդիայի ներկայացուցիչ դեսպան Հեյկկի Տալվիտիեի նշանակումը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հարավային Կովկասում` Հայաստանի կառավարության ղեկավարը բարձր է գնահատել վերջինիս դերը Հայաստան-ԵՄ երկխոսության խորացման գործում: Անդրադառնալով Եվրախորհրդի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների ներկա վիճակին ու հեռանկարներին` Հայաստանի վարչապետը զրուցակցին տեղեկացրել է, որ այս տարվա հունիսին Բրյուսելում մեր երկիրն արդեն իսկ ներկայացրել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործակցության գործողությունների ծրագրի (IPAP) փաթեթը: Նա հույս է հայտնել, որ նոյեմբերին կայանալիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի արդյունքում Հայաստանը կիրականացնի նաեւ Եվրախորհրդին անդամակցության հետ կապված պարտավորությունների հիմնական մասը: Զրույցի ընթացքում կողմերը կարեւորել են տարածաշրջանային համագործակցությունը` որպես անհրաժեշտ նախադրյալ տարածաշրջանի տնտեսական զարգացման, կայունության եւ փոխվստահության ձեռքբերմանն ուղղված միջոց: Անդրանիկ Մարգարյանը Տ.Հալոնենին է ներկայացրել նաեւ հայկական կողմի մոտեցումը տարածաշրջանային հարեւան երկրների, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների հարցի վերաբերյալ: Հայաստանը կարեւորում է Թուրքիայի կողմից սահմանների բացումը եւ փորձում է բարելավել հարաբերություններն` առանց որեւէ նախապայմանների: Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ այդ հարցում Հայաստանն ակնկալում է նաեւ միջազգային հանրության, այդ թվում` Ֆինլանդիայի աջակցությունը, մասնավորապես, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների գործընթացի շրջանակներում: Զրույցի ընթացքում Ա.Մարգարյանն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումներին: