28 սեպտեմբերի 2005 - 09:50 AMT
ԱՄՆ-ՈՒՄ ՏՈՆՈՒՄ ԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 14-ԱՄՅԱԿԸ
Լեռնային Ղարաբաղի անկախության 14-րդ տարեդարձի առիթով սեպտեմբերի 28-ին Վաշինգտոնում, Ներկայացուցիչների Պալատի շենքում այսօր տեղի է ունենում «Առաջընթաց դեպի ազատություն, ժողովրդավարություն եւ տնտեսական զարգացում» խորագիրը կրող միջոցառումը: Միջոցառման պատվավոր հյուրն է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը: Ելույթ կունենան սենատորներ Ֆրենկ Փալոնը, Ջո Նոլենբերգը, Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը եւ այլք: Հանդիսությունը կազմակերպել են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը, Ամերիկայի Հայ դատի գրասենյակը, ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի գրասենյակն ու Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Փալոնն ու Նոլենբերգը: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության խոսնակ Հայկ Գուգարացը պատահական չհամարեց հենց Կոնգրեսի շենքում նման հանդիսության անցկացումը, քանի որ «դեռ 1989 թվականին, երբ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը դեռ չէին անկախացել, Կոնգրեսը` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի` հանուն անկախության պայքարը սատարող որոշում էր ընդունել»: «Եվ Ղարաբաղին աջակցությունը շարունակեց», - ավելացրեց նա: - «ԱՄՆ-ը միակ օտարերկրյա պետությունն է, որը պաշտոնապես օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղին: Սա ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի գոյությունը, միջազգային ճանաչման նրա ջանքերն ընդունվում են կոնգրեսականների կողմից», ավելացրել է նա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: