28 սեպտեմբերի 2005 - 10:01 AMT
ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻ ՀԵՏ
Սեպտեմբերի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ տիկին Տարյա Հալոնենին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եւ Ֆինլանդիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, հաղորդել են Մայր Աթոռի մամլո դիվանում: Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջեւ զարգացող ջերմ հարաբերությունների համար: Նա անդրադարձավ նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ֆինլանդիայի Լյութերական եւ Ուղղափառ եկեղեցիների միջեւ առկա եղբայրական կապերին, ինչպես նաեւ հիշեց 2002թ. Ֆինլանդիայի Լյութերական եկեղեցու առաջնորդ, Արքեպիսկոպոս Յուկա Պաարմայի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան, այլեւ 2004 թ. Ֆինլանդիայի Լյութերական եկեղեցու հրավերով Ֆինլանդիա կատարած պաշտոնական իր այցը: Նորին Սրբությունը նաեւ շնորհակալություն հայտնեց Ֆինլանդիայի նախագահին այն նպաստի համար, որ Ֆինլանդիան բերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խնդրում: «Հավատում ենք, որ բարին պիտի հաղթանակող լինի. այլ ճանապարհ չկա, քան փոխհամագործակցությամբ ապրել այս տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհում», - ասաց Վեհափառ Հայրապետն իր խոսքում` անդրադառնալով եկեղեցիների եւ կրոնների պետերի կարեւոր դերին խաղաղության հաստատման գործում: Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ Հայաստանում ժողովրդավարական գործնթացների, ինչպես նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու ներկայիս գործունեության մասին կրթական եւ սոցիալական ոլորտներում: