27 փետրվարի 2013 - 13:13 AMT
Բաքվում ՌԴ դեսպանը փորձում է արդարանալ Ղարաբաղի մասին հոդվածի համար

Պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ չի փոխվել: Հարկ չկա կասկածի տակ դնել այն «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության կողմից լրագրող Վ.Դուբնովի «Լեռնային Ղարաբաղը 25 տարում սովորել է չճանաչված լինել» հոդվածի պատճառով: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, հղում կատարելով պաշտոնական կայքում զետեղված Ադրբեջանում ՌԴ դեսպանատան մամլո ծառայության մեկնաբանության վրա, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Մամեդգուլիևի հետ ունեցած հանդիպմանը:

Ըստ դեսպանատան մամլո ծառայության, զրույցի արդյունքում Դորոխինը խոստացել է պաշտոնական Մոսկվային փոխանցել Ադրբեջանի ԱԳՆ դիրքորոշումն այդ հարցի շուրջ:

Դեսպանը նաև ասել է, որ հոդվածն արտահայտում է Դուբնովի մասնավոր կարծիքը: Փետրվարի 25-ին «ՌԻԱ Նովոստի» գործակալության կայքում զետեղվել էր լրագրող Վ.Դուբնովի «Լեռնային Ղարաբաղը 25 տարում սովորել է չճանաչված լինել» հոդվածը, որի առնչությամբ Ադրբեջանում ՌԴ դեսպանին կանչել են ԱԳՆ և բողոքի նոտա հանձնել: