Հանրությունը փոփոխություններ է ակնկալում վերընտրված իշխանություններից

Հանրությունը փոփոխություններ է ակնկալում վերընտրված իշխանություններից

PanARMENIAN.Net - Ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ հանրության այն հատվածը, որ դեմ է գործող իշխանություններին, արմատական փոփոխություններ է ցանկանում տեսնել երկրի տնտեսական քաղաքականության մեջ: «Վերընտրված իշխանությունը սխալ կգործի, եթե հաշվի չառնի նրանց կարծիքը»,-հայտարարել է «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը, ելույթ ունենալով մամլո ասուլիսում: Ըստ նրա, նման տրամադրվածությունը պետք է խթանի իշխանություններին վերանայել վարվող քաղաքականությունը:

Միաժամանակ Վազգեն Սաֆարյանը ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ վերջին երկու տարում այդ ուղղությամբ որոշ տեղաշարժ կա: Մասնավորապես, խոսքը գնում է կառավարության մշակած արտահանման խթանմանն ուղղված արդյունաբերական զարգացման ծրագրի մասին: «Դրանք հենց այն քայլերն են, որ սպասում էին կառավարությունից տեղի արտադրողները, մնում է դրանք իրականացնել»,-ասել է նա՝ հույս հայտնելով, որ դրանք հետևողական բնույթ կկրեն:

Առաջիկա փոփոխությունների թվում Սաֆարյանը նշել է հետևյալ քայլերը. արդյունաբերական ակտիվների գույքագրում, արտահանման խթանում ռիսկերի նվազման հաշվին, կառավարության կողմից արտահանմանն ուղղված վարկերի սուբսիդավորում, հարկային բեռի նվազում, հատկապես ՓՄՁ համար, իսկ փոքր բիզնեսի համար՝ հարկերի վերացում, և այլն:

Ըստ Սաֆարյանի, իշխանությունների ուշադրության կենտրունում պետք է լինի նաև գյուղատնտեսությունը, որի զարգացման համար կառավարությունը պետք է սուբսիդավորի ոռոգման ջուրը հեռավոր մարզերում, աջակցի գյուղացիներին մատչելի դիզվառելիք ու պարարտանյութ ձեռք բերելու գործում, որի արտադրությունը պետք է կազմակերպել երկրում, ոչ թե ներմուծել:

Իր հերթին Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը հավելել է, որ այսօրվա դրությամբ ՀՀ կառավարությունը օպերատիվ և կարճաժամկետ «կարկտանային» քաղաքականություն է վարում՝ չմտածելով երկրի երկարաժամկետ զարգացման մասին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---