28 սեպտեմբերի 2005 - 13:38 AMT
Ա.ՍՄԲԱՏՅԱՆ.ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է ՄԻՋՌԵԳԻՈՆԱԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ
Շարունակվում է հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը համագործակցության ողջ սպեկտրով, հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: Նրա խոսքերով, երկու երկրների արտաքին քաղաքականության գիծն` ուղղված ռազմավարական գործընկերության հաստատմանը էական փոփոխությունների չի ենթարկվել: Հայաստանի եւ Ռուսաստանի սերտ համագործակցության հաստատմանն ուղղված նման հետեւողականությունը պայմանավորված է պատմամշակութային արժեքների ընդհանրությամբ եւ երկու ժողովրդների դարավոր կապերով: Ինչպես հայտարարել է հայ դիվանագետը, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական համագործակցության ձեռք բերված բարձր մակարդակը քաղաքական եւ ռազմաքաղաքական ոլորտներում խթանում է երկրների առեւտրատնտեսական համագործակցությունը: Վերջին շրջանում ակտիվացել է միջռեգիոնալ համագործակցությունը Հայաստանի եւ ՌԴ միջեւ, մասնավորապես, ուղղակի կապեր են հաստատվում երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների միջեւ, ինչպես նաեւ ձեւավորվում է միջռեգիոնալ համագործակցության պայմանագրաիրավական դաշտը: Այդ մասին են վկայում ՌԴ եւ ՀՀ տարածաշրջանների ղեկավարների փոխադարձ այցերը: «2005 թվականը Ռուսաստանի Դաշնության տարի հայտարարելը Հայաստանում եւ 2006 թվականը` Հայաստանի տարի ՌԴ-ում, անկասկած իր ներդրումը կունենա հայ-ռուսական երկկողմ փոխշահավետ համագործակցության զարգացման մեջ»,-նշել է Ա.Սմբատյանը: Նրա խոսքերով, Ռուսաստանում Հայաստանի տարվա շրջանակներում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ քաղաքականության, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի եւ արվեստի ոլորտներում: Դրանք կլինեն բարձրաստաիճան պատվիրակությունների այցեր, գործարար համաժողովներ, գեղարվեստական եւ լուսանկարչական ցուցահանդեսներ, համերգներ, ստեղծագործ կոլեկտիվների ելությներ եւ այլ: Ռուսաստանում Հայաստանի տարվա անցկացումը թույլ կտա ակտիվացնել առեւտրատնտեսական համագործակցությունը, նոր կապեր ստեղծել երկու երկրների գործարար շրջանակների միջեւ: Հայաստանի տարին Ռուսաստանում թույլ կտա նաեւ ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանի հարուստ եւ ինքնատիպ մշակույթին: