27 փետրվարի 2013 - 18:16 AMT
Հայաստանը լավ առաջընթաց է արձանագրել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ավստրիական լրատվական գործակալությանը»: Անդրադառնալով Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններին, նախարարը մասնավորապես նշել է. Մենք լավ առաջընթաց ենք արձանագրել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում, այդ թվում նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցություններում։ Մենք հուսով ենք, որ բանակցությունները ավարտին կհասցնենք մինչև նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովը։ Դեկտեմբերին մենք ԵՄ հետ ստորագրեցինք մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը, հունվարից ԵՄ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել առանց արտոնագրերի: Այս ամենը ճանապարհ է բացում արտոնագրային ռեժիմի ազատականացման բանակցությունների մեկնարկի համար։