
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ավստրիական լրատվական գործակալությանը»: Զրույցի ընթացքում անդդարաձ է եղեկ նաև Հայաստանում կայացած նախագահական ընտրություններին: Նշելով, որ փետրվարի կեսին կայացած Հայաստանի նախագահի ընտրությունները ԵԱՀԿ դիտորդների գնահատմամբ մեծապես ազատ և արդար են անցել, գործակալության ներկայացուցիչն ասել է նաև, որ դիտորդները որոշ թերություններ են մատնանշել, մասնավորապես պետական հաստատությունների և իշխող կուսակցության տարանջատման խնդիրը։ Անդրադառնալով այդ հարցին՝ ՀՀ ԱԳ նախարարն ասել է. «Դուք իրավացի եք, դիտորդները դրական գնահատական են տվել ընտրություններին: Նրանք միակարծիք էին, որ ընտրությունները կարևոր քայլ առաջ էին։ Արվել են նաև առաջարկներ ընտրական գործընթացը կատարելագործելու ուղղությամբ։ Մենք ուշադրությամբ կուսումնասիրենք արված առաջարկները, կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը համապատասխան բարեփոխումներ իրականացնելու, մեր ընտրական համակարգն էլ ավելի բարելավելու ուղղությամբ։
Վերջին տարիներին կարևոր բարեփոխումներ են իրականացվել Հայաստանում, որոնց արդյունքում տարածաշրջանի երկրների համեմատությամբ, մեր երկիրը առաջատար դիրքերում է որոշ միջազգային վարկանիշային աղյուսակներում և ցուցիչներում՝ մամուլի ազատության, գործարար միջավայրի և այլ բնագավառներում: Եվ մենք վճռական ենք շարունակելու բարեփոխումների ընթացքը, ասել է Էդվարդ Նալբանդյանը: