27 փետրվարի 2013 - 19:10 AMT
Հունաստանի մի շարք քաղաքաներում Սումգայիթի զոհերի հիշատակին պատարագ է մատուցվել

Փետրվարի 24-ին Հունաստանի Աթենք, Սալոնիկ և Կոմոթինի քաղաքներում տեղի են ունեցել 1988թ. Սումգայիթում իրագործված ոճրագործության 25-ամյակի հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ:Աթենքի Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիում տեղի է ունեցել եպիսկոպոսական պատարագ և հոգեհանգիստ` Հունահայոց առաջնորդ Գերաշնորհ Խորեն եպիսկոպոս Տողրամաջյանի գլխավորությամբ և Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանի, Հունահայոց Ազգային Վարչության ատենապետի ու անդամների, ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցչի, Հոգաբարձության անդամների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ: Սրբազան հայրը իր քարոզում անդրադարձել է Սումգայիթի անմեղ հայ բնակչության հանդեպ կատարած ոճրագործությանը:

Հոգեհանգստի արարողություններ են անցկացվել Աթենքի Սբ.Աստվածածին ու Սալոնիկիի Սբ.Աստվածածին եկեղեցիներում: Սալոնիկիումներկա էին Ազգային վարչության և թաղային խորհրդի, համայնքային միությունների ներկայացուցիչներն ու անդամները, ինչպես նաև Սալոնիկի մարտական ապահովման սպայական ռազմական դպրոցում ուսանող հայ կուրսանտներ: Քարոզում հոգևորականները խոսել են սումգայիթյան ջարդերի մասին, որոնց զոհ են դարձել անմեղ հայրենակիցները:

Կոմոթինիի Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ և հոգեհանգիստ է մատուցել Թրաքիայի հոգևոր հովիվ Տ. Պողոս քահանա Բալթայանը` թաղային խորհրդի և գաղութային միությունների ներկայացուցիչների ներկայությամբ: Մեկ րոպե լռությամբ ոտնկայս հարգվեց զոհերի հիշատակը: Տեղի է ունեցել դափնեպսակի զետեղում թաղային խորհրդի փոխատենապետ Միհրան Եսայանի կողմից:

Հունաստանում միջոցառումների մեկնարկը տրվել էր փետրվարի 17-ին` երկրի հյուսիասային Կավալա քաղաքի Ս. Խաչ եկեղոցում` Տ. Պողոս քահանա Բալթայանի կատարած պատարագով և հոգեհանգստի արարողությամբ: Միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին տեղական զանգվածային լրատվության միջոցների կողմից: