28 փետրվարի 2013 - 15:17 AMT
ԱԺ նախագահի մոտ խորհրդակցությունն ավարտվել է. ընդդիմության երեք առաջարկները

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ ԱԺ Հանրապետական, «Ժառանգություն» ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցությունն ավարտվել է: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀԿ-ից` Գալուստ Սահակյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը և «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանը: ԱԺ «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցությունների ղեկավարները երեկ ԱԺ նախագահին են ներկայացրել որոշման նախագիծ, որը պետք է դրվի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում՝ որպես հետընտրական գործընթացներն ԱԺ-ում քննարկելու հիմք:

Փաստաթղթում ձևակերպված է երեք հիմնական պահանջ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում, պետական կառավարման խորհրդարանական համակարգին անցում և ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրում: Ընդդիմության ներկայացրած երեք հիմնական առաջարկությունները ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում որակեց կոշտ: Նա հայտնեց, որ իրենք էլ են առաջարկություններ ներկայացրել: «Հնարավոր ենք համարում, որ ընդդիմությունն ու իշխանությունը կարող են համաձայնության գալ, ոչ թե, ասենք, պաշտոնների բաժանման, այլ որոշակի խնդիրներին համատեղ լուծում տալու առումով, սա է մեր գաղափարը»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Խորհրդակցությունից առաջ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողներին ասաց, որ բարձրացված հարցը պետք է ունենա փաթեթային լուծում և որևէ «ողջամիտ» առաջարկ, ինչպես նշել է Հովիկ Աբրահամյանը չի կարելի առանձին դիտարկել: «Եթե հաջողվի կոմպրոմիսի գալ, ապա դրանից կշահի թե ժողովուրդը, թե երկիրը, քանի որ փաթեթը լուրջ փոփոխություններ է ենթադրում»,- ընդգծեց նա: Արմեն Ռուստամյանը չբացառեց, որ «Ժառանգությունը» կարող է ներկայացված լինել ապագա կառավարությունում: