28 փետրվարի 2013 - 16:11 AMT
Մարտին լույս կտեսնի Սումգայիթի դատավարության մասին պատմող գիրքը

Մենք պատրաստում ենք որոշում, որով մեր հասարակական կազմակերպությունը ճանաչում է 1988-94 թվականներին Ադրբեջանի կողմից իրականացրած գործողություննրը, որոնք շարունակվում են այժմ այլ ձևերով, որպես ցեղասպանություն:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: «Ես կոչ եմ անում մյուս ՀԿ-ներին անել նույն բանը, որովհետև այն, ինչ չի արվում պետական մակարդակով, չի արգելվում հասարակությանը: Մենք դրանով ոչ միայն ճանաչում ենք, այլև դեմն ենք առնում Ադրբեջանի նեոֆաշիստական, ռասիստական քաղաքականությանը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Լարիսա Ալավերդյանը կարևորեց Սումգայիթյան դեպքերի ականատեսների վկայությունների գրառումը և տարածումը ամբողջ աշխարհում: Նման մի շարք ծրագրեր է իրականացրել «Սովորական ցեղասպանություն» նախաձեռնությունը, որի ղեկավար Մարինա Գրիգորյանը ամփոփեց իրենց աշխատանքի արդյունքները: Նա նշեց, որ վերահրատարակվել է 1989 թվականին լույս տեսած Սումգայիթի ողբերգությունը ականատեսների վկայություններով գիրքը: Դրա հեղինակը Սամվել Շահմուրադյանն է, ով փախստականների Հայաստան ժամանելուց անմիջապես հետո գրի առավ նրանց հիշողությունները: Գիրքը թարգմանվել է 9 լեզուներով: Հունվարին լույս է տեսել իտալերեն և իսպաներեն լեզուներով: Պլանավորվում է երկրորդ հատորի հրատարակությունը: Կա ֆիլմ Սումգայիթին նվիրված, որ թարգմանված է 5 լեզուներով: «Սա անգնահատելի երևույթ է: Մեր պլանների մեջ կա նաև Սումգայիթի դատավարության մասին պատմող գրքի հրատարակումը, որը լույս կտեսնի մարտ ամսին ռուսերեն և անգլերեն», -ասաց Մարինա Գրիգորյանը:

Հանդիպմանը ներկա էին նաև Սումգայիթյան ջարդերի ականատեսները, ովքեր չնայած մեծ դժվարությամբ, սակայն պատմեցին այն դժոխային օրերի մասին, որ իրենք ապրել են 25 տարի առաջ: «Ես կուզեի, որ այդ մարդասպանները պատասխան տան իրենց արածների համար: Եթե միջազգային ատյանները չդատապարտեն ադրբեջանցիներին, Աստված կպատժի նրանց, որովհետև ադրբեջանցիների արածները անմարդկային էին»-, ասաց Սումգայիթի նախկին բնակիչ Ռոման Թովմասյանը, ում հայրը սպանվել է 1989 թվականի փետրվարի 28-ին: