28 փետրվարի 2013 - 16:14 AMT
Նախկին թեկնածու. Ոստիկանության ԱՎ և ԿԸՀ հրապարակած ցուցակներում 22 000 մարդու տարբերություն կա

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հետընտրական իրավիճակին, ինչպես նաև մի հետաքրքիր թիվ ներկայացրել:

Արման Մելիքյանը ուշադրություն է հրավիրում Ոստիկանության Անձնագրերի և վիզաների վարչության փետրվարի 17-ի և ԿԸՀ-ի`փետրվարի 25-ի հրապարակած ընտրողների տվյալների վրա, որոնցում 22 000 մարդու տարբերություն կա: Փետրվարի 17-ին հրապարակված ընտրացուցակում ընտրողների թիվը 2 505 980 է, իսկ փետրվարի 25-ին այդ ցուցանիշի վերաբերեալ ԿԸՀ ամփոփիչ հայտարարության մեջ` 2 528 050:

«Թող որևէ մեկը ձայն չհանի, որպեսզի միջազգային դիտորդները հանկարծ չսրտնեղեն և խղճի խայթ չզգան: Հավանաբար սրա բացատրությունը շատ պարզ է` մեկ օրվա ընթացքում 22 000 քաղաքացի հասել է ընտրական տարիքի»,- գրել է նախկին թեկնածուն:

Մեկ այլ գրառման մեջ էլ Արման Մելիքյանը նշել է, որ դատելով ամեն ինչից ՀՀ իշխանությունները շատ խանդավառված են օտարերկրյա դիտորդների կողմից անցած կեղծված նախագահական ընտրություններին տված մեղմ ու քաջալերող գնահատականներից: «Կեղծարարությանն աջակցելու տեսանկյունից հատկապես կարևոր էին եվրոպական դիտորդների կողմից պատրաստված նախնական զեկույցները, քանի որ հենց եվրոպացիներն են համարվում ժամանակակից աշխարհում ժողովրդավարական արժեհամակարգի առավել հաջողակ ու հետևողական ջատագովները, այդ արժեհամակարգը նաև հայ իրականության մեջ ներդնելու պահանջ ներկայացնողները: Այսինքն` հենց եվրոպական դիտորդների կարծիքն է, որ ընտրությունների կազմակերպման վերաբերյալ հիմնական, եթե չասենք, էտալոնային գնահատական է ձևավորում և հենց այդ գնահատականն է իր առարկայական արտահայտությունը գտնում տարբեր կարգի եվրոպաշտոնյաների կողմից` պարոն Սերժ Սարգսյանին ողղված շնորհավորանքներում: Այսպիսով, մենք մի կողմից ունենք ակնհայտորեն զանգվածաբար կեղծված ընտրություններ, իսկ մյուս կողմից` եվրոպական դիտորդական առաքելությունների հնչեցրած` իրականության հետ կապ չունեցող դրական գնահատականներ: Կարելի է ասել, որ մեր իշխանությունները զրկված լինելով սեփական քաղաքացիների աջակցությունից, ապավինում են արտաքին ուժերի օգնությանը, որի գինը մենք թերևս ավելի ուշ իմանալու հնարավորությունը կունենանք: Մի բան հստակ է. եվրոպական դիտորդական առաքելությունների յուրաքանչյուր անդամ անձնապես պատասխանատու է այս կեղծված ընտրությունները` որպես առաջընթաց գնահատելու համար: Երեկ մենք փորձեցինք իմանալ այդ դիտորդական առաքելությունների անդամների անունները ՀՀ ԿԸՀ-ից և համապատասխան եվրոկառույցների երևանյան գրասենյակներից ու պարզվեց, որ ՀՀ քաղաքացիները իրավունք չունեն իմանալու, թե ովքեր են եղել այն դատավորները, ում թեթև ձեռքով վավերացվել է կեղծիքը` այդ մարդիկ մեզ համար կմնան անանուն, անսեռ և մասնագիտորեն անհայտ և, ամենակարևորը, գուցե նաև` անպատիժ: Գիտենք միայն, որ ոչ մի միջազգային փաստաթուղթ նրանց անունները հաղորդելու վերաբերյալ արգելանք չի պարունակում: Այսպես են ժողովրդավարները “ժողովրդավարություն” հաստատում»,- գրել է նա: