ԼՂՀ ԱԺ. Ադրբեջանցիների գիտակցության մեջ արմատավորվել է, որ հայի սպանությունը պատիվ է

ԼՂՀ ԱԺ. Ադրբեջանցիների գիտակցության մեջ արմատավորվել է, որ հայի սպանությունը պատիվ է

PanARMENIAN.Net - ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերն այսօր համատեղ հայտարարություն են ընդունել Սումգայիթ քաղաքի հայ ազգաբնակչության ցեղասպանության 25-րդ տարելիցի առթիվ: Հայտարարության մեջ նշված է. «Այս օրերին ողջ հայ ժողովուրդը խոր ցավով է վերապրում ուղիղ քառորդ դար առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ին, Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, որոնց ընթացքում քաղաքի հայ ազգաբնակչությունը ենթարկվեց արյունահեղ ջարդերի։

«Սումգայիթը» Ադրբեջանական ԽՍՀ-ում պետական մակարդակով կազմակերպված ցեղասպանություն էր՝ իշխանությունների կողմից հետեւողականորեն ուղղորդված հայատյացության տրամաբանական հետեւանք։ Այն իրագործվեց ի պատասխան արցախահայության խաղաղ ցույցերի և ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման մարզխորհրդի 1988թ. փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի ընդունած որոշման, որով Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև միջնորդվում էր դրական լուծում տալ ինքնավար մարզն Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին։

Հայ համաքաղաքացիների սպանդը չարժանացավ ադրբեջանական հասարակության դատապարտմանը, ավելին՝ ջարդարարները հերոսացվեցին, և իշխանությունների նախաձեռնությամբ ադրբեջանական ժողովրդի գիտակցության մեջ քառորդ դար շարունակ արմատավորվեց «հայի սպանությունը հանցագործություն չէ, այլ՝ պատիվ» մտայնությունը։

Սումգայիթի եղեռնագործությամբ Ադրբեջանական ԽՍՀ-ում սկիզբ դրվեց բնիկ հայ բնակչության բռնատեղահանությանը, ինչի հետևանքով 1988-90թթ. այդ հանրապետության տարածքում էթնիկական զտման ենթարկվեց ավելի քան 500 000 հայ: Առաջնորդվելով ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխման և այն պատժելու մասին» համաձայնագրի դրույթներով, մենք՝ ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերս, խստորեն դատապարտում ենք Սումգայիթում, իսկ հետագայում նաեւ նախկին Ադրբեջանական ԽՍՀ ողջ տարածքում հայ բնակչության դեմ իրականացված ցեղասպանությունը, վերահաստատում ենք այդ հանցագործության միջազգային իրավական և քաղաքական դատապարտմանը հասնելու մեր վճռականությունը, վերստին դիմում ենք աշխարհի բոլոր երկրների խորհրդարաններին՝ կոչ անելով միանալ Ադրբեջանում էթնիկ անհանդուրժողականության, այլատյացության, հետագա ցեղասպանության կանխման ջանքերին, խոնարհվում ենք ազգային խտրականության և թշնամանքի զոհ դարձած մեր բոլոր հայրենակիցների հիշատակի առջև»: Հայտարարությունը տարածել է karabakh-open.info-ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---