28 փետրվարի 2013 - 17:51 AMT
Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցելու Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին

Փետրվարի 28-ին Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ 1988թ.-ի փետրվարի 27-29-ը սումգայիթյան ջարդերին զոհ դարձած հայերի հիշատակին նվիրված ծաղկեպսակների զետեղման արարողություն, որին մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արա Բադալյանը, ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, հայ համայնքային կառույցների ղեկավարներ, ինչպես նաև մոսկովյան բուհերի հայ ուսանողներ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ներկաներին ուղղված խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը՝ ընդգծելով, որ 25 տարի առաջ ադրբեջանական իշխանությունների սանձահարմամբ տեղի ունեցավ հայ ժողովրդի նորագույն պատմության ամենամեծ ողբերգություններից մեկը: «Այս օրերին Ռուսաստանում կազմակերպված տարաբնույթ միջոցառումները, հուշ-երեկոները կոչված են վերստին հարգանքի տուրք մատուցելու Սումգայիթում անմեղ զոհված հայերի հիշատակին և դատապարտելու 1988թ.-ի սարսափելի իրադարձությունները: Համոզված եմ, որ ջարդերի, վայրագությունների և մարդու կյանքի անվտանգությանը սպառնացող քրեահանցավոր գործելակերպի չդատապարտումը հանգեցնում է դրանց խրախուսմանը: Հիրավի, եթե սումգայիթյան ջարդերին ժամանակին տրվեր համապատասխան գնահատական, ապա հայ բնակչության հանդեպ հետագայում վայրագություններ տեղի չէին ունենա Կիրովաբադում, Բաքվում, Մարաղայում և այլ քաղաքներում», - նշել է ՌԴ-ում ՀՀ դեսպանը:

Միջոցառմանը Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևորականների կողմից մատուցվեց հոգեհանգստի պատարագ: