28 փետրվարի 2013 - 17:57 AMT
Սոֆիայում հայկական խաչքարի մոտ ծաղկեպսակ է դրվել ի հիշատակ Սումգայիթի անմեղ զոհերի

Փետրվարի 24-ին Սոֆիայի «Երևանյան» պուրակում տեղադրված հայկական խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակ զետեղելու արարողություն` ի հիշատակ Սումգայիթի անմեղ զոհերի:

Արարողությանը ներկա էին ԲՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Բուլղարիայի Հայ Առաքելական Եկեղեցու Բուլղարիայի Թեմի Առաջնորդական տեղապահ վարդապետ Տեր Աբգար Հովակիմյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Թեմական Խորհրդի Ատենապետ Ռուբեն Գրիգորյանը, Սոֆիայի եկեղեցական և թեմական խորհրդի ղեկավարներ և անդամներ, հայկական կրթամշակութային, երիտասարդական, բարեգործական և հասարակական այլ կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, մտավորականներ:

Արարողությունից հետո Սոֆիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան սուրբ պատարագ: Նույն օրը հոգեհանգստյան պատարագներ մատուցվեցին նաև Բուլղարիայի Պլովդիվ, Վառնա և Բուրգաս քաղաքների եկեղեցիներում:

Փետրվարի 27-ին Բուլղարիայում գործող «Հայ դատ» հանձնախմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան` «Սումգայիթ. ողբերգությունից 25 տարի անց» խորագրով: Զեկույցներով հանդես եկան բուլղարահայ և բուլղար մտավորականներ ու գիտնականներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը: Իր ելույթում դեսպանը նշեց, որ Սումգայիթը դարձել է Հայաստանի հետ վերամիավորման պահանջով Արցախի հայության օրինական կամարտահայտման պատասխանը և ամբողջ խորհրդային շրջանում ադրբեջանական իշխանությունների վարած հայատյաց քաղաքականության մարմնացումը` ընդգծելով, որ Սումգայիթի ջարդերին մասնակցած ադրբեջանցի հրոսակները ոչ միայն չդատապարտվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից, այլև արժանացան պետական բարձր պարգևների ու պաշտոնների: Շարունակելով իր խոսքը` դեսպանը զուգահեռ անցկացրեց` նշելով, որ 25 տարի անց, ի դեմս Սաֆարովի տխրահռչակ գործարքի, Ադրբեջանը հերոսացնելով մարդասպանին այսօր ևս շարունակում է այդ նույն քաղաքականությունը: «Մինչդեռ Սումգայիթի մասին ճշմարտությունը հարկավոր է իմանալ այնպես, ինչպես Նյուրնբերգյան դատավարության նյութերն են անհրաժեշտ մարդուն, որպեսզի հնարավոր լինի խուսափել նոր ցեղասպանություններից»,-իր խոսքն ամփոփեց դեսպան Սհոյանը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Զեկույցներով հանդես եկան նաև բուլղարահայ և բուլղար մտավորականներ ու գիտնականներ, որոնք, հանգամանորեն անդրադառնալով ոչ միայն բուն սումգայիթյան իրադարձություններին, այլև հայ ազգաբնակչության նկատմամբ պարբերաբար իրականացվող էթնիկ տեղահանման քաղաքականությանը, դատապարտեցին սումգայիթյան ջարդերը և միավորվեցին մի ընդհանուր առաջարկի շուրջ` կազմել դատապարտող հայտարարագիր և հրապարակել այն: