28 փետրվարի 2013 - 18:00 AMT
Անահիտ Բախշյանը մարտի 1-ի նախօրեին հիշեցնում է կատարված քաղաքական սպանությունները

Ազատության հրապարակում շարունակվում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքը: Կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն իր ելույթում նշեց, որ մարտի մեկի նախօրեին ցանկանում է վերհիշել Հայաստանի երրորդ հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական սպանությունները, որոնք կատարվել են երեք նախագահների օրոք: «Ես վախենում եմ այդ մեծուփոքր սպանությունները թվարկելուց, գուցե բացթողումներ անեմ»,- ասաց Անահիտ Բախշյանը և թվարկեց. «ՀՀ երկրորդ նախագահի թիկնապահը սպանություն կատարեց, որի համար ընդամենը վեց ամիս ազատազրկվեց: Մարտի մեկին բանակի և ոստիկանության կողմից ութ քաղաքացիների և երկու ոստիկանների սպանությունը դեռ թարմ է: Վահե Ավետյանի սպանության փաստն եմ հիշեցնում, պատգամավոր-օլիգարխի թիկնապահը սպանեց երտասարդ զինվորականին: Հոկտեմբերի 27: Աշխարհը ուղիղ իմաստով փլվում է քո, ընտանիքի և պետության գլխին: Ո՞վ էր այդ սարսափազդու ոճրագործության պատվիրատուն մինչ օրս պարզ չէ, սակայն պարզ է, թե ով օգտվեց դրանից»: Հոկտեմբերի 27-ին սպանվեց նաև Անահիտ Բախշյանի ամուսինը՝ Յուրի Բախշյանը:

«Ժառանգության» անդամը նկատեց, որ ահաբեկիչները գործել են անթաքույց, աջուձախ սպառնացել են, որի մասին պետք է տեղյակ լիներ պետական անվտանգության պատասխանատուն, ով այժմ գործող նախագահ Սերժ Սարգսյանն է:

«Ժողովուրդը մինչև վերջ տեր է կանգնելու իր քվեին: Իշխանությունը վախենում է սրանից և ԱԱԾ աշխատակիցներին ու ժողովրդին լարում է իրար դեմ: Հեռացեք ու թույլ տվեք երկրում հաստատվի ժողովրդի իշխանություն, բաղրամյան 26-ում նստի ժողովրդի ընտրած նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա կբացահայտի բոլոր ոճրագործությունները: Եթե հանկարծ պարզվի, որ գործող իշխանությունը կապ չունի այդ ոճրագործությունների հետ, և ես կենդանի լինեմ, այս նույն հարապարակից ներողություն կխնդրեմ»,- ասաց Անահիտ Բախշյանը: