28 փետրվարի 2013 - 18:15 AMT
Զարգանում է Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային համագործակցությունը

Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) և Պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) 2012թ. փաստաթղթերի գնահատման նպատակով փետրվարի 25-ից մարտի 1-ը Հայաստանում էր ՆԱՏՕ-ի պատվիրակությունը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Չորսօրյա քննարկումներից և հանդիպումներից հետո փետրվարի 28-ին տեղի ունեցավ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստը: Նիստի ընթացքում երկուստեք ներկայացվեցին ԱԳԳԾ և ՊՎԳ փաստաթղթերի գնահատման նախնական արդյունքները: Նշվեց այն առաջընթացը, որն արձանագրվել է նշված փաստաթղթերում ընդգրկված նպատակների իրականացման ուղղությամբ: ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն անդրադարձան իրենց իրավասության ոլորտներում կատարված աշխատանքներին, առկա խնդիրներին և հիմնական առաջնահերթություններին:

Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային համագործակցությունը զարգանում է անվտանգության խնդիրների շուրջ քաղաքական երկխոսության, պաշտպանական բարեփոխումների, ինչպես նաև երկու թատերաբեմերում միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության միջոցով: Սերտ համագործակցություն է ընթանում նաև արտակարգ իրավիճակների պլանավորման և աղետների արձագանքման բնագավառում` «Գիտություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: