29 սեպտեմբերի 2005 - 15:32 AMT
ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԿԿԱՅԱՆԱ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԴԵԼԻՄԻՏԱՑԻԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ
Հայստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հանդիպել է իր վրացի գործընկեր Զուրաբ Նողաիդելիի հետ, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում նշելով Հայաստանի եւ Վրաստանի միջեւ համագործակցության փոխվստահությունը եւ համագործակցության ավանդական բարձր մակարդակը` կողմերը գոհունակություն են հայտնել տարբեր մակարդակներում շփումների ակտիվացման առնչությամբ: Նշվել է, որ դրանում մեծ է նաեւ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի վերջին տարիների արդյունավետ աշխատանքի դերը: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանին Վրաստանի պետական պարտքի կարգավորման հարցում ակտիվ երկխոսության հաստատումը: Անդրանիկ Մարգարյանը գոհունակությամբ է նշել այս տարվա սկզբին Կովկաս-Փոթի նավահանգիստների միջեւ լաստանավային հաղորդակցության բացումն` ընդգծելով, որ հայկական կողմը շահագրգռված է այդ լաստանավային երթուղով բեռների փոխադրման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ բանակցությունների շարունակմամբ` ներգրավելով նաեւ գործարար շրջանակներին: Այդ համատեքստում Հայաստանի վարչապետը մեկ անգամ եւս արտահայտել է հայկական կողմի տեսակետը նաեւ վրացական երկաթուղու աբխազական հատվածի վերաբացման վերաբերյալ, ինչը, ըստ նրա, տնտեսական տեսակետից ավելի արդյունավետ է: Զրուցակիցները հույս են հայտնել, որ առաջիկայում երկու կողմերի համար ընդունելի ավարտ կունենա նաեւ հայ-վրացական պետական սահմանի դելիմիտացման, սահմանաբաժան գծի անցկացման գործընթացը: Ընթացիկ տարվա նոյեմբերին նախատեսվում է անցկացնել այդ հարցի լուծման նպատակով ստեղծված համապատասխան հանձնաժողովի նիստը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Ջավախքի ու ջավախահայության ներկա վիճակի եւ զարգացման հեռանկարների խնդիրներին: Կարեւորելով Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման ծրագրի մշակման եւ իրականացման Վրաստանի ղեկավարության լուրջ մտադրությունը` ՀՀ վարչապետը մեկ անգամ եւս հաստատել է այդ գործում վրացական իշխանությունների հետ համագործակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը: Կողմերը անդրադարձել են նաեւ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծի կառուցման խնդրին, այդ համատեքստում տարածաշրջանային ծրագրերին Հայաստանի մասնակցությանը, ինչպես նաեւ Վրաստանում վրաց-հայկական համալսարան հիմնելու հարցին, Ջավախքում դպրոցաշինության հետ կապված խնդիրներին, զբոսաշրջության բնագավառում համագործակցության ընդլայնմանը` նկատի ունենալով Երեւան-Բաթումի-Կոբուլետի ուղիղ չվերթերի բացման հնարավորությունը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի: