29 սեպտեմբերի 2005 - 17:39 AMT
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՋՈՐԴ ՆԻՍՏԸ ԿԿԱՅԱՆԱ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԸ ԲԱԹՈՒՄԻՈՒՄ
Այսօր Երեւանում կայացած տնտեսական համագործակցության հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստում ընդունվել են համաձայնեցված եւ շատ կարեւոր որոշումներ: Այս մասին հանձնաժողովի նիստի ավարտին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին: Նա առանձնացրել է «մի քանի շատ կարեւոր ուղղություններ», որոնք քննարկվել են նիստի ընթացքում: «Առաջինը` դա առեւտուրն է: Երկու կողմերն էլ կարեւորել են տնտեսական հարաբերությունների խորացումը: Վրաստանը տարեսկզբին արդեն վերացրել է տարանցիկ ճանապարհային հարկը, եւ այսօր մենք պայմանավորվել ենք, որ Վրաստանի վերաբերյալ նմանօրինակ որոշումները` բեռնատար եւ մարդատար մեքենաների անցման շուրջ, կընդունի նաեւ Հայաստանը: Դա կնպաստի Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալի հետագա աճին»,- նշել է նա: «Այսօր մենք էլ ավելի հեռու ենք գնացել տրանսպորտային ոլորտում փոխգործակցության ճանապարհին: Մենք քննարկում ենք եւ մոտ ապագայում կընդունենք որոշում` Երեւան-Թբիլիսի եւ Երեւան-Բաթումի երկու ուղղություններով նոր ավտոտրանսպորտային, երկաթուղային եւ ավիատրանսպորտային երթուղիների բացման մասին: Դա մեզ համար շատ կարեւոր ուղղություն է: Մենք աջակցում ենք Հայաստանի համար այլընտրանքային տրանսպորտային կապերի ստեղծմանը, եւ ամեն կերպ կօժանդակենք Կարս-Գյումրի երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հնարավորությանը»,- ընդգծել է Զ.Նողաիդելին: Նրա խոսքերով` նիստի ընթացքում հայկական եւ վրացական կողմերը քննարկել են զբոսաշրջիկության ոլորտին առնչվող հարցը: «Մենք շատ ուրախ ենք, որ այս տարի Վրաստանում Սեւ ծովի ափին հանգստացել են 12 հազար հայեր: Նաեւ ուրախ ենք, որ Աջարիայի կուրորտային ենթակառույցին հայ ներդրողները հատկացնում են մեծ ուշադրություն»: Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ հայ ներդրողները լուրջ ներդրումներ կունենան Վրաստանի զբոսաշրջիկության ենթակառույցում` մինչեւ հաջորդ կուրորտային սեզոնը եւ, որ հաջորդ տարի Հայաստանի ավելի շատ քաղաքացիներ կհագստանան Վրաստանում: Նա ավելացրել է նաեւ, որ այսօրվա նիստի ընթացքում շատ կարեւոր որոշումներ են ընդունվել էներգետիկայի ոլորտի համար, հատուկ նշելով 2 ուղղություն: «Առաջինը` դա Հայաստանի կողմից մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց Վրաստանի պարտքի հարցն է: Եվ էլ ավելի կարեւոր հարց է` Հայաստանի եւ Վրաստանի միջեւ նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդիչ գծերի շինարարության ներդրումային ծրագիը, որը թույլ կտա մեծացնել Հայաստանից Վրաստան էլեկտրաէներգիայի արտահանումը շուրջ 2,5 անգամ եւ լրացուցիչ ներդրում կլինի Հայաստանի տնտեսությունում, ինչպես նաեւ Վրաստանի տնտեսական զարգացման համար լրացուցիչ հնարավորություն»,- նշել է Զ.Նողաիդելին: «Բացի այդ, մենք քննարկել ենք Վրաստանում համատեղ հայ-վրացական համալսարանի ստեղծման մասին հարցը:Հաջորդ տարի կսկսենք Սամցխե Ջավախեթիի շրջանում ինտենսիվ ներդրումային ծրագրի իրականացումը, մասնավորապես, երկու ուղղություններով: Առաջինը` դա Թբիլիսիի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի հետ կապող ճանապարհների շինարարությունն է: Դա կլինի միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության ճանապարհ, որը տարածաշրջանի տնտեսությունում լրացուցիչ ներդրումների հնարավորություն կստեղծի: Երկրորդը` դա կրթական համակարգում ներդրումներն են: Հաջորդ տարի մենք պատրաստվում ենք իրականացնել Վրաստանի դպրոցների վերանորոգում, այդ թվում` նաեւ Ջավախքում: Հայաստանի կառավարությունը ֆինանսական օգնություն կցուցաբերի Նինոցմինդայի եւ Ախալքալակի շրջանների գյուղական դպրոցների վերանորոգման հարցում: Մոտ ապագայում կլուծվի այն հարցը, թե որ դպրոցները դրանք կլինեն, եւ ինչ աշխատանքներ պետք է տարվեն»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը: Նա նաեւ նշել է, որ տնտեսական համագործակցության հայ-վրացական հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա հաջորդ տարվա գարնանը Բաթումիում: Նիստի շրջանակներում կկայանա շատ կարեւոր գործարար-համաժողով: «Ես մեծ ուշադրություն եմ դարձնում Վրաստանի եւ Հայաստանի կոմերցիոն կառույցների միջեւ գործարար-համագործակցությանը եւ կօժանդակեմ կապերի ընդլայնմանը եւ այնպիսի տնտեսական համակարգի ստեղծմանը, որի առկայության դեպքում հայ գործարարները կարող են աշխատել Վրաստանում այնպես, ինչպես Հայաստանում, իսկ վրացի ներդրողները կարող են աշխատել Հայաստանում այնպես, ինչպես` Վրաստանում»,- եզրափակել է Զ.Նողաիդելին: